«Այբ» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով, հայտնում են հիմնադրամից։

Խոսքը 2018-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` Արարատյան բակալավրիատ ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ:

«Ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբ»-ի նկատմամբ: Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբ»-ում չարաշահումներ չկան: Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները»,- «Այբ» հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Չնայած քրեական գործին, կրթական հիմնադրամը շարունակել է ներդրումներ կատարել և զարգացնել Արարատյան բակալավրիատ ծրագիրը:

«Ցավոք, ԿԳ նախարարությունը 2018 թ. առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մարզերում և Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու: Փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության և «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները: Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետևողականորեն իրականացրել և իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,- ասված է հայտարարությունում։

***

Կրթության և գիտության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2018-ին նախաձեռնել էր «Այբ»-ի և Արարատյան բակալավրիատ ծրագրի արդյունավետության ուսումնասիրություն։ Հարությունյանը հայտարարեց՝ «չի աջակցելու էլիտար դպրոցներին, և տեր-մեսրոպներին գումարներ չեն փոխանցվելու»։ Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներից է։ Մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությունից հետո սկսվեց ֆինանսական աուդիտի գործընթաց։ Երկարուձիգ ուսումնասիրություններից հետո միայն այս տարվա հունվարի 15-ին պարզ դարձավ, որ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Այբ»-ի կողմից իրականացվող կրթության ազգային գերազանցության ծրագրից հափշտակություն կատարելու փաստի առթիվ։ Խոսքն ընդամենը 8,3 միլիոն դրամի մասին էր։