Տասը ամենավաճառված գրքերը երևանյան գրախանութներում

ՍիվիլՆեթը հարցումներ է արել երևանյան «Զանգակ», «Էպիգրաֆ», «Նոյյան տապան» գրախանութներին սեպտեմբեր – նոյեմբերի ամիսներին ամենաշատ վաճառված գրքերի մասին։ Մյուս խոշոր՝ «Բուկինիստ» գրախանութը հրաժարվել է տրամադրել տվյալներ։ Առաջին երեք գրախանութներում աշնանը ամենաշատ վաճառված գրքերի տասնյակը ներկայացնում ենք հակադարձ հերթականությամբ։

10․ «Մտածի՛ր և հարստացի՛ր», Think and Grow Rich

Գրքի հեղինակը ամերիկացի գրող Նապոլեոն Հիլլն է։ Գրքի տեքստը հիմնվում է Հիլլի ավելի վաղ գրած «Հաջողության օրենք» ստեղծագործության վրա, և ավելի քան քսան տարվա հետազոտությունների արդյունք է։ Դրանք հիմնված են մեծ թվով հաջողակ մարդկանց հետ համագործակցելու պատմությունների վրա։ Հեղինակը ուսումնասիրել է այդ մարդկանց բնութագրերը և մշակել տասնվեց «օրենք», որոնք պետք է կիրառվեն հաջողության հասնելու համար։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1937-ին։ 1970-ին՝ Հիլլիի մահանալու օրվա դրությամբ, գիրքը վաճառվել էր մոտ 20 միլիոն օրինակով։

9․ «Ֆիզիկական օրենքների բնույթը», The Character of Physical Law

Գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները ֆի­զիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելի հա­մալ­սարանում մեծ լսարանի առաջ, ևս մեկը 1965-ին նրա ար­տասանած նոբելյան ճառն է։ Դասախոսությունների առանց­քում բնու­թյան հիմ­­նարար օրենքները, դրանց հայտ­նա­գոր­ծումն ու առանձ­նա­­հատկություններն են։ Գիրքը հրատարակվել է 1965-ին՝ BBC-ի կողմից։

8․ «Կրեմլի ամբողջ շքախումբը», Вся кремлёвская рать

Միխայիլ Զիգարի գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների միջոցով լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը։ Ռուս գրողը գիրքը գրել է 2015-ին։ Հայերեն տարբերակը հրատարակվել է 2021-ի ամռանը։

7․ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն», Sapiens: A Brief History of Humankind

Իսրայելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին իր գրքում պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները՝ անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձություններ դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գիրքը լույս է տեսել 2014-ին, վաճառվել է 12 միլիոն օրինակով ու թարգմանվել 50 լեզվով՝ այդ թվում հայերեն։ Այն New York Times-ի բեսթսելերների ցանկում է ավելի քան հինգ տարի։

6․ «Մատյան ողբերգության»

Գրիգոր Նարեկացու՝ 1002 թվականին գրած գլուխգործոցը մեր օրերում շարունակում է արդիական մնալ։ Գիրքը կազմված է ավելի քան 10 000 տողից։ Ամենավաղ պահպանված ցանկերը թվագրվում են 1173 թվականով։ Հատվածները լույս են տեսել 1513 թվականին Վենետիկում։ Բնօրինակի լեզուն գրաբարն է։

5․ «Հուզական ինտելեկտ․ ինչու է այն երբեմն ավելի կարևոր, քան IQ-ն», Emotional Intelligence: Why It Can Matter More Than IQ

Գրքի հեղինակ Դենիել Գոլմանը պնդում է, որ հաջողության հասնելու համար հուզական ինտելեկտը նույնչափ կարևոր է, որքան IQ-ն, այդ թվում՝ մարդու կյանքի ակադեմիական, մասնագիտական, սոցիալական և միջանձնային ասպեկտներում։ Ըստ Գոլմանի՝ հուզական ինտելեկտը հմտություն է, որը կարելի է ուսուցանել և զարգացնել։ Գիրքը հրատարակվել է 1995-ին, այն մեկուկես տարի եղել է New York Times-ի բեսթսելերների ցանկում, թարգմանվել է 40 լեզուներով։

4․ «Պայքարելու իրավունքը», The Right to Struggle

Գիրքն ամփոփում է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հավաքել է նրա եղբայր Մարգար Մելքոնյանը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1993-ին անգլերեն, իսկ հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2007-ի հոկտեմբերին։

3․ «Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի վերափոխումը», The Clash of Civilizations and the Remaking of World Order

Գրքի հեղինակը ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգթոնն է։ Նա բացատրում է, որ ժամանակակից աշխարհում պատերազմներն ու բախումները լինելու են առավելապես մշակույթների, քաղաքակրթությունների միջև, քան թե՝ պետությունների։ Հանթինգթոնն իր նշանավոր

Գիրքը հրատարակվել է 1996 թվականին։ Ավելի վաղ՝ 1993-ին Հանթիգթոնը Foreign Affairs հանդեսում հեղինակել էր համանուն հոդվածը։ Հանթիգթոնը քաղաքակրթությունների բաժանում է կատարում՝ Արևմտյան քաղաքակրթություն, որի կորիզ երկիրը ԱՄՆ-ն է, Ուղղափառ քաղաքակրթություն, որի կորիզ երկիրը Ռուսաստանն է, Կոնֆուցիական քաղաքակրթություն, որի կորիզ երկիրը Չինաստանն է, Իսլամական քաղաքակրթություն, որը կորիզ երկիր չունի, և այլն։

2․ «Վիշապ․ Տուրբոկնոջ հարձակումը»

«Արմքոմեդի» երգիծական հաղորդման հաղորդավար Նարեկ Մարգարյանի այս գիրքը հայկական առաջին սուպերհերոսի մասին կոմիքս է։ Իրադարձությունները տեղի են ունենում Երևանում, դրանից դուրս՝ Ծածկած շուկա, Հաղթանակի կամուրջ, Կասկադ։ Գիրքը սովորեցնում է կարծրատիպերից դուրս մտածել, փորձել արագ լուծումներ գտնել, պայքարել նրա համար, ինչն արդար է։ Գիրքը լույս է տեսել 2020-ի դեկտեմբերին։

1․ «Չխրատվող ժողովուրդ»

Գարեգին Նժդեհն իր այս գրքում անդրադառնում է պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից` նա խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները: Նժդեհի այս նոր երկերի հատորը լույս է տեսել 2021-ին։

Լիա Ավագյան

Մեկնաբանել