Հայաստանում մահերի հակասական վիճակագրության հետքերով

Հովհաննես Նազարեթյան

Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստին անդրադարձ եղավ Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության հրապարակած՝ կորոնավիրուսից մահերի տվյալների տարբերությանը։ Պարզվել էր, որ երկու մարմինների՝ կորոնավիրուսից մահացած անձնանց թիվը տարբերվում է մոտ 700-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել տարբերության պատճառները։

«Ինչպես մի քանի անգամ նշել եմ՝ «Արմեդ» համակարգը, երբ քովիդի համավարակը նոր ի հայտ եկավ, սկսեց արագ-արագ տվյալների շտեմարանը ընդլայնել, և թե՛ թեստավորումների, թե՛ հիվանդացության, թե՛ մահվան դեպքերը հընթացս ավելացնել իր դարաններում։ Եվ այդ ընթացքում հենց «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ-ի ընդհանուր համապարփակ վիճակագրական տվյալներով»,- նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն էլ հայտնեց, որ մահերի պաշտոնական վիճակագրության աղբյուրն արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է։

Փաշինյանը նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել հարցը և պարզել՝ կա արդյոք պատասխանատվություն առաջացնող չարամտություն, թե ոչ։ Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) էր ուսումնասիրություն սկսել։

Կորոնավիրուսի մահերի հակասությունները

Ըստ Առողջապահության նախարարության՝ 2020-ին կորոնավիրուսից գրանցվել է 2 828 մահ։ Այս թիվը տրամադրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որը համավարակի մեկնարկից սկսած վարում է վարակվածների և մահացածների օրական վիճակագրություն։

Իսկ ըստ Վիճակագրական կոմիտե՝ նոյեմբերի 30-ին հրապարակած՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020 թվականներին» զեկույցի՝ կորոնավիրուսից 2020-ին մահացել է 3 545 անձ։ Սա 717-ով ավելի է նախարարության տվյալներից։

Առողջապահության նախարարությունն այս տարբերությունը կապում է տնային պայմաններում մահացածների թվի հետ, որը նախարարությունը չի վարում։ Նախարարությունը վարում է միայն այն տվյալները, որոնք ստանում է կորոնավիրուսով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից:

Հակասությունները, սակայն, այստեղ չեն վերջանում։ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա փետրվարի 5-ին հրապարակած ժողովրդագրական իրավիճակի մասին զեկույցում կորոնավիրուսից 2020-ին մահացածների թիվը նշված էր 3 405, այդ թվում՝ 14 դեպք, որ տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս, սակայն մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումներում: Այս թիվը 140-ով պակաս է նոյեմբերին հրապարակած Վիճակագրական կոմիտեի տվյալներից։

Հատկանշական է, որ Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության այս տարվա տվյալների միջև ևս կա անհամապատասխանություն։ Ըստ Վիճակագրական կոմիտեի` 2021-ի տասն ամիսների ընթացքում կորոնավիրուսից գրանցվել է 3 755 մահ, իսկ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ամենօրյա վիճակագրության` նույն ժամնակահատվածում կորոնավիրուսից մահացել է 3 551 մարդ։ Տարբերությունը 204 է։

Համեմատելով մահերը և պատճառները

Ինչպես նշեցինք, Վիճակագրական կոմիտեն նոյեմբերի 30-ին հրապարակել է «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020 թվականներին» զեկույցը, որում ներկայացված են նաև 2020-ին և նախորդ տարիներին գրանցված մահերի պատճառները։

Պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով՝ 2020-ը անկախությունից ի վեր «ամենամահացու» տարին էր Հայաստանի համար։

Ըստ Վիճկոմիտեի` անցած տարի մահացել է 36 170 անձ: 1991-2019 թթ. Հայաստանում տարեկան մահացել է միջինը 26 093 մարդ։ Այսինքն, 2020-ին մահացել է 39 տոկոսով ավելի մարդ` նախորդ երեք տասնամյակների տարեկան միջինի համեմատ։

2020-ին 2019-ի համեմատ գրանցվել է 9 185-ով ավելի մահ։

Loading...

Loading…

Ուսումնասիրելով 2019 և 2020 թվականների գրանցված մահերի պատճառները՝ պարզ է դառնում, որ զգալի աճել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, շնչառական օրգանների հիվանդություններից և արտաքին պատճառներից (դժբախտ պատահարներ, թունավորումներ և վնասվածքներից) մահացությունները։

Այսպես, 2020-ին՝ 2019-ի համեմատ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերը ավելացել են 21%-ով՝ 14 069-ից դառնալով 17 056։ Շնչառական օրգանների հիվանդություններից մահացություններն ավելացել են 39%-ով՝ 2 169-ից 3 010։

Այլ պատճառներից մահերը կամ պակասել են կամ որոշ աճ են գրանցել։ Նորագոյացություններից մահերը, օրինակ, պակասել են 36-ով, իսկ վարակիչ և մակաբուծային հիվանդություններից մահերը՝ 2-ով։ Մարսողական օրգանների հիվանդություններից մահերը ավելացել են 117-ով՝ 1 234-ից դառնալով 1 351։

Ինչ վերաբերում է 2021-ին, ապա հրապարակված վերջին՝ դեկտեմբերի 6-ի տվյալները վերաբերում են հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Ըստ նախնական տվյալների, այս տարվա առաջին տասն ամիսներին գրանցվել է 27 136 մահ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում մահացել էր 25 520 անձ, իսկ երկու տարի առաջ՝ 2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել էր էապես ավելի քիչ՝ 21 669 մահ։

Ի տարբերություն 2020-ի նույն ժամանակաշրջանի՝ 2021-ին շուրջ 10%-ով պակասել են մարսողական օրգանների հիվանդություններից մահերը, իսկ ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդությունների մահերը գրեթե կրկնապատկվել են՝ 17-ից դառնալով 33:

Այսպիսով, մահերի մասին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով 2020-ի գրանցվել է անկախությունից ի վեր ամենաշատ մահացությունները։ Զգալի աճ են գրանցել նաև արյան շրջանառության համակարգի և շնչառական օրգանների հիվանդություններից մահերը, որոնք կարող են կապված լինել համավարակի հետ։

Մեկնաբանել