Կառավարությունը թաքցրել է «Վեոլիա Ջուր»-ի սուբսիդավորումը

Անի Գրիգորյան

2013-ին սկանդալ եղավ, երբ պարզվեց, որ կառավարությունը նախորդ երեք տարիներին հանրությունից թաքցրել էր ռուսական գազի գնի բարձրացումը և պարտքի դիմաց Ռուսաստանին էր փոխանցվել «ՀայՌուսգազարդ» ընկերությունում իր 20 տոկոս բաժնեմասը։ Այն ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պնդում էր, թե գազի գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել։ 2018-ին, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ևս նման սխեմա է կիրառել, արդեն՝ ջրի հարցում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 30-ին հայտնեց, որ սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Ըստ դրանց՝ 2022-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնում է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գինը բարձրանալու է՝ կազմելով 200 դրամ:

Ընդամենը երկու տարի առաջ՝ 2018-ի աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, թե մինչև 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։

Երեք տարի անց պարզվում է, որ ջրի գինը սպառողների համար չի փոխվել, քանի որ կառավարությունը ընկերությանը փաստացի որոշ «արտոնություն է տվել»՝ սուբսիդիաների և վարձակալության վճարները նվազեցնելու տեսքով։

Այսպես, ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը դեռ այս տարվա հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ջրի գնի բաձրացմանը, նշել էր, որ պայմանավորվածություն կա, որ եթե լինեն համապատասխան փոխհատուցումներ «Վեոլիա Ջուր»-ին, ապա վերջինս դեմ չի լինի, որ բազիսային սակագները փոխվեն այնքան, որ պահպանվեն գործող գները։

«Պայմանավորվածությունն այսօր էլ է ուժի մեջ։ Այսինքն՝ եթե համապատասխան ֆինանսավորում լինի, իսկ դրանք եղել են կա՛մ սուբսիդիայի տեսքով, կա՛մ վարձակալության վճարների նվազեցման տեսքով։ Կարող ենք հիմա էլ սուբսիդիա տալ բյուջեից և ջրի գինը նվազեցնել»,- հայտարարել էր Բաղրամյանը։ ՀԾԿՀ նախագահը հայտնել էր, որ իրենց առաջարկով՝ միայն անապահով սպառողների խմբի համար՝ շուրջ 100 հազար, սակագինը կպահպանվի։

«Մնացած սպառողների համար մենք առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ։ […] Երբ ասում ենք վարձակալության վճարի նվազեցում, դա նշանակում է համապատասխան մուտքեր բյուջե չեն ապահովվում»,- պարզաբանել էր Բաղրամյանը։

Փաստացի պարզվում է՝ կառավարությունը «լավություն է» արել սպառողներին նրանց իսկ հաշվին։

Հանձնաժողովի պարզաբանումը

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2017-ի հունվարի 1-ին՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը վարձակալության հանձնելու նպատակով կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության միջև 2016-ի նոյեմբերին կնքված վարձակալության պայմանագրով։ ՀԾԿՀ-ից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ համաձայն նշված մրցույթի արդյունքում ձևավորված բազիսային սակագների սցենարի՝ ծառայությունների մատուցման սակագները վարձակալության պայմանագրի 2-րդ տարվանից (2018-ից) սկսած յուրաքանչյուր տարի աճում էին՝ իրենց առավելագույն շեմին հասնելով 2023-ին և այնուհետև՝ աստիճանաբար նվազում։

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով բազիսային սակագների ճշգրտման գործոնները (մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխություն, սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից, խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթ)՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի հանձնաժողով ներկայացնել հաջորդ տարվա ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտ։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նման հայտեր ներկայացվել են նաև ծառայությունների մատուցման 2018-2021 թվականների սակագների ճշգրտման համար, և որևէ այլ մեխանիզմներով ծառայությունների մատուցման սակագների աճը չփոխհատուցելու դեպքում սակագների աճ կունենայինք նաև նշված տարիներին»,- նշված է ՀԾԿՀ պատասխանում։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անհրաժեշտ դրամական հոսքերը ապահովելու միջոցով էլ 2017-ի համար սահմանված 180 դրամ/խմ սակագինը պահպանվել է 2019-2021 թվականների համար։ ՀԾԿՀ-ից պնդում են, որ ծառայությունների մատուցման բազիսային գումարային սակագինը 2021-ի 176 դրամ/խմ-ի դիմաց 2022-ի համար կազմում է 191 դրամ/խմ։ Իսկ թանկացումը պայմանավորված է մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությամբ, սղաճով, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխությամբ և ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց, խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով:

Այսպիսով, կառավարությունը հանրությունից գաղտնի է պահել փաստը, որ սակագնի բարձրացում չի իրականացվում՝ պետական բյուջեից սուբիսդիաների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության վճարների նվազեցման հաշվին։