Manot. աջակցելով «խելացի» գյուղատնտեսությանը

Լուսինե Վարդանյան

Պատկերացրեք ֆերմերի, որն ունի շատ կենդանիներ, որոնք դրսում են, մեծ տարածքում, օրինակ՝ հարյուր հեկտար տարածքում։ Կենդանիներին պետք է հետևել, քանակը հաշվել։ Կամ պատկերացրեք, որ ունեք մեծ այգի, և հարկավոր է հասկանալ, թե բերքի որ մասն է արդեն հասել։

Գյուղատնտեսական այս խնդիրների լուծումն առաջարկում է հայկական Manot ստարտափը։ Manot-ը փոքր օբյեկտների անոտացիոն գործիք է, որը գյուղատնտեսության ոլորտին թույլ է տալիս արագացնել և պարզեցնել աշխատանքի սկզբնական փուլը: Ընկերությունը անոտացիայի է ենթարկում հիմնականում դրոնից ստացված նկարները։

Արտադրանքի հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է, սակայն հարկ եղած դեպքում կարող են ծառայություններ մատուցել նաև այլ ոլորտների համար։ Աշխարհում անոտացիոն գործիքները վաղուց են կիրառվում․ Հայաստանում այս ամենը նոր է։

«Անոտացիայի ենթարկելը նշանակում է, որ կա նկար, անհրաժեշտ է քեզ հետաքրքրող օբյեկտները ինչ-որ ձևով առանձնացնել։ Խնդիրն ավելի է դժվարանում, երբ գործ ունես դրոնից ստացված տվյալների հետ, դա նշանակում է, որ օբյեկտը շատ փոքր է երևալու, օրինակ՝ մեքենան, կենդանին, շենքը»,- պատմում է ընկերության տնօրեն և հիմնադիր Չինար Մովսիսյանը։

26-ամյա Չինարը Manot-ը հիմնադրել է երկու ընկերուհիների՝ Լիդա Ալեքսանյանի և Սոֆյա Թորոսյանի հետ, այնուհետև նրանց է միացել Աստղիկ Մկրտչյանը։ Նրանք բոլորն էլ մաթեմատիկայի ոլորտից են։

Չինար Մովսիսյանը սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, ինչպես նաև Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանում։ Այժմ դասավանդում է ծրագրավորում և մեքենայական ուսուցում, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանող է։

«Սա մասնագիտություն է, որի կիրառությունը բոլոր ոլորտներում է։ Շատ հաճելի զգացողություն է, երբ տեսնում ես, որ մաթեմատիկ լինելով՝ մի աշխատանք ես անում, որը կիրառվում է գյուղատնտեսության, քաղաքաշինության, բժշկության մեջ։ Արդեն մենակ մաթեմով չես զբաղվում»,- պատմում է Չինարը։

Manot-ը հիմնադրվել է 2020-ի վերջին։ 2021-ի հունիսին դիմել են Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի նախնական աքսելերացիոն ծրագրին և ստացել դրամաշնորհ ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Չինարը նշում է, որ Manot-ը դեռ ստարտափ է և պետք է հաճախորդների կողմից «վավերացման» ենթարկվի։ Նրա խոսքով՝ այժմ ստարտափի «ուղեղը» պատրաստ է․ հարկավոր է կազմակերպել այն ցուցադրելու մասը, շուկայում դիրք գրավել, ներդրումներ բերել։ Ծրագրում են առաջիկայում արտադրանքը լայնացնել, նոր ծառայություններ ստեղծել։

«Դժվար է ղեկավարելը, թվում է, թե թիմը մեծանում է, գործը հեշտանալու է, բայց հակառակն է. Շատ մարդ է լինում, պատասխանատվությունն է մեծանում, բոլորի հետ խոսել, իմանալ, թե թիմը ինչ վիճակում է, ինչ է պետք նրանց համար»,- ասում է նա։

Չինարի համար հանգստյան օրեր գրեթե չկան, բայց իր արածի վրա երբեք չի կասկածել։ Թիմն ունի երեք սկզբունք՝ վստահություն, թափանցիկություն, խելք։

«Ես շաբաթվա վերջին նայում եմ, թե ինչ եմ արել նախորդ շաբաթ, ու տեսնում եմ, որ սա ճիշտ է եղել ու մարդկանց պետք է գալու»,- նշում է նա։

Չինարի կարծիքով՝ Հայաստանն ունի ՏՏ զարգացած երկրներից մեկը դառնալու ամբողջ ներուժը։ Նա շեշտում է նաև ընկերության՝ կանանց կողմից ստեղծված լինելու հանագամանքը և ասում, որ ոլորտում կանանց նկատմամբ խտրականությունն անցյալում է, քանի որ ոլորտի կեսն աղջիկներ են։

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, ինչը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով:

Նախագծի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շաhառու ներգրավվել է տարաբնույթ դասընթացներում։ https://eu4business-tourism-tech.am/am

Մեկնաբանել