Ավտոբուսի վարորդները վերադարձել են աշխատանքի, «Երևանի ավտոբուսի» տնօրենն ազատման դիմում է գրել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի։ Այս մասին Ֆեյսնուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա տեղեկացմամբ՝ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,- գրել է Կարապետյանը։

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Ըստ տեղեկությունների՝ որոշ վարորդներ պահանջում էին նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին։