Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928թ. հուլիսի 20-ին Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Գեղանկարչությամբ ուշ է սկսել զբաղվել։ Պատանի Մինասը շատ է սիրել Մարտիրոս Սարյանի արվեստը։ Նա Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Նրա գեղարվեստա-գեղագիտական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը:
Մինասը վրձնել է հայկական գյուղը` այն օժտելով իրեն հատուկ պայծառ թախիծով: Նրա բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները, որմնանկարները առանձնակի լուրջ խորհրդավորություն ունեն, բայց միևնույն ժամանակ շնչում են յուրօրինակ թեթևությամբ։
Մինասի ստեղծագործությունների գունային ուժեղ հակադրությունները ստեղծում են լուսավոր, քնարական ու ողբերգական տրամադրություն: Սակայն ամենուր թևածում է մի անհուն բարություն` անշոշափելի ու անպատմելի հույս:
Մինասը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն։ Բազմազան է նաև նրա թեմատիկան:
Հայտնի նկարներից մի քանիսը («Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին») ահասարսուռ 1915-ն են ներկայացնում. Ցեղասպանությունն էին վերապրել նաև նկարչի ծնողները։
Մինասի բուռն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960-1975թթ., որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975թ. փետրվարի 16-ին Երևանում Մինասը ենթարկվել է ավտովթարի և, մահացել է փետրվարի 23-ին` գիտակցության չգալով: Խորհրդավորության ու ասեկոսների մշուշով են ծածկված Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները, հասարակական վեճերի ու շահարկումների առարկա են նրա որմնանկարները: Անմահ է հանճարեղ ոգին նրա արվեստի: