Վրաստանում լրագրողի մահվանից հինգ ամիս անց իշխանությունները չեն ներկայացրել դիահերձման արդյունքները

Լաշկարավա 2021-ի հուլիսի 5-ին հարձակման ենթարկվելու հետևանքով Ալեքսանդր Լաշկարավան բազմաթիվ կոտրվածքներ և ուղեղի ցնցում էր ստացել: Լուսանկարը՝ «Պիրվելի» հեռուստաալիքի:

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի իշխանություններն առ այսօր չեն ներկայացրել «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավայի դիահերձման արդյունքները։ Վերջինս մահացել է հուլիսին Թբիլիսիում հոմոֆոբ ակցիայի ժամանակ աջ ծայրահեղական խմբերի կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Լաշկարավայի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Բեկա Տակալաձեն OC Media-ին հաստատել է, որ իրենք դեռ սպասում են դիահերձման արդյունքներին:

Այս շաբաթավերջին լրացավ Լաշկարավայի մահվան հինգերորդ ամիսը։ Նա մահացել է տանը հուլիսի 11-ին՝ դրանից մեկ շաբաթ առաջ հոմոֆոբ ակցիայի ժամանակ դեմքի հատվածում բազմաթիվ կոտրվածքներ և ուղեղի ցնցում ստանալուց ընդամենը վեց օր անց։

Վրաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջին երթը նախատեսված էր անցկացնել հուլիսի 5-ին, սակայն այդ օրը արագ վերածվեց քաոսի, քանի որ երթին դեմ հազարավոր աջ ծայրահեղականներ դուրս եկան ցույցի, որի ընթացքում հարձակվեցին լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա: Ցույցին հաջորդած բռնությունների ժամանակ թիրախավորված հարձակումների հետևանքով լրատվամիջոցների առնվազն 53 աշխատակիցներ վնասվածքներ ստացան, իսկ իշխանությունները քննադատության ենթարկվեցին իրենց ակնհայտ անգործության համար:

Լաշկարավան հուլիսի 5-ին վնասվածքներ ստացած 53 լրագրողների թվում էր: Վերևից ձախից աջ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ Դաթո Կորիձե («Ազատություն ռադիոկայան»), Ռատի Ցվերավա («Ֆորմուլա» հ/ը), Թոռնիկե Մանդարիա («Ազատություն ռադիոկայան»), Լևան Բրեգվաձե («Պիրվելի» հ/ը), Գիորգի Նիկոլիշվիլի (Interpressnews), Իլիա Տվալիաշվիլի (Վրաստանի ազգային հեռուստառադիոընկերություն), Ալեքսանդր Լաշկարավա («Պիրվելի» հ/ը):

Դիահերձումը ղեկավարում է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն, այդուհանդերձ, Լաշկարավայի ընտանիքը նաև պնդել է, որ գործընթացին մասնակցի անկախ դատաբժիշկ Ալեքսանդր Գեջաձեն:

Վերջինս OC Media-ին ասել է, որ հինգ ամսվա ընթացքում Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյից Լաշկարավայի դիահերձման հարցով ոչ ոք իր հետ կապ չի հաստատել:

«Ես նոր տեղեկություն չունեմ. սպասում եմ տվյալների Սամխարաուլիի բյուրոյից»,- ասել է նա։

Հուլիսի 5, Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ամբոխը հարձակվում է լրագրողների վրա։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժան Կավելիեն դատապարտել է հետաքննության հարցում առաջընթացի բացակայությունը՝ այն որակելով որպես «տագնապալի իրավիճակ»:

«Հինգ ամիս անց ոչ միայն Լաշկարավայի դիահերձման արդյունքները պատրաստ չեն, այլև կանգ է առել ավելի քան 50 լրագրողի նկատմամբ կազմակերպված, աննախադեպ բռնության հետաքննությունը», – OC Media-ին ասել է Կավելիեն:

«Ի տարբերություն այլ տիպի գործերի՝ այս հարցում քննչական ծառայությունների գործունեության անարդյունավետությունն ակնհայտորեն ցույց է տալիս քաղաքական կամքի բացակայությունը։

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությունն անհանդուրժելի է. մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմնասյունն է, այն հաստատում է մնացած բոլոր ազատությունների առկայությունը։

Տեղական և միջազգային ՀԿ-ները, այդ թվում՝ [«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը – խմբ․], ինչպես նաև ԵՄ անդամ երկրները, արագ արձագանքեցին այս դաժան հարձակումներին, ինչը լուրջ հետընթաց է Վրաստանում մամուլի ազատության համար:

Վրաստանի հանրային պաշտպանը ապացույցներ է ներկայացրել։ Իսկ ներքին գործերի նախարարը խոստացել է լիարժեք հետաքննություն անցկացնել այս հարձակումների և Լաշկարավայի մահվան կապակցությամբ։ Սակայն երեսունից էլ քիչ մարդ է ձերբակալվել բռնություն գործադրելու համար, բռնություն կազմակերպելու համար չի ձերբակալվել և ոչ ոք, և մենք դեռ սպասում ենք դիահերձմանը։

Վրաստանի կառավարության կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելը չի կարող անհետևանք մնալ։ Իշխանությունները պարտավոր են պաշտպանել լրագրողներին, մինչ նրանք իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում։ Եվս մեկ անգամ հորդորում ենք նրանց պատասխանատվություն ստանձնել, անցկացնել համապարփակ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն Լաշկարավայի մահվան հանգամանքների և հարձակումների վերաբերյալ և քրեական պատասխանատվության ենթարկել բռնարարքներ իրագործողներին և դրանց կազմակերպման համար բոլոր մեղավորներին»,- ասել է Կավելիեն։

Կառավարությունը շեղվում է

Հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնություններից և Լաշկարավայի մահից հետո Վրաստանի կառավարությունը խիստ քննադատության է արժանացել տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից։

Չնայած լրագրողների վրա հարձակումները սկսվել էին հուլիսի 5-ի առավոտյան, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ողջ օրվա ընթացքում ոստիկանական զգալի ուժեր չտեղակայեց մայրաքաղաքում: Բազմաթիվ դեպքերում ոստիկանները, որոնց աչքի առաջ սկսվել էին բռնություններ տեղի ունենալ, դանդաղ են միջամտել:

Իշխանությունները հրաժարվել են հեռացնել հուլիսի 5-ին աջ ծայրահեղական ցուցարարների կողմից խորհրդարանի մոտ կանգնեցված խաչը: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։


Վրաստանի կառավարությունն արձագանքել է քննադատություններին` նշելով, թե Լաշկարավան մահացել է թմրանյութի գերդոզավորման, ոչ թե ստացած վնասվածքների պատճառով։

Հուլիսի 12-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չելիձեն «միջանկյալ զեկույց» է ներկայացրել Լաշկարավայի մահվան վերաբերյալ և պնդել, թե ստացել է վկաների ցուցմունքներ այն մասին, որ Լաշկարավան և նրա ընկերը թմրանյութեր են գնել և «օգտագործել անտառապատ տարածքում»:

Չելիձեն նաև ասել է, որ ըստ զեկույցի՝ թունաբանական հետազոտությամբ պարզվել է, որ Լաշկարավայի օրգանիզմում հայտնաբերվել են մի շարք թմրամիջոցների հետքեր, այդ թվում՝ ցավազրկող մորֆին, կոդեին և գաբապենտին, ինչպես նաև տետրահիդրոկանաբինոլ (կանեփում առկա ակտիվ նյութն է) և մոնացետիլմորֆին (հերոինում առկա ակտիվ բաղադրիչներից մեկն է):

Լաշկարավայի ընտանիքը հայտնել է, որ հուլիսի 5-ին ստացած վնասվածքների պատճառով բժիշկները նրան մի քանի ուժեղ ցավազրկող էին նշանակել։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գիորգի Գոգիան հայտարարել է, որ կասկածելի են Վրաստանի կառավարության շարժառիթները, քանզի այն հրապարակում է միջանկյալ զեկույց, ըստ որի՝ Լաշկարավան մահացել է գերդոզավորումից, մինչդեռ նույն կառավարությունից այդքան երկար ժամանակ է պահանջվել լիարժեք դիահերձում իրականացնելու համար:

«Հարցն այն է, թե ո՞րն էր այդքան հապճեպ հրապարակված այսպես կոչված «միջանկյալ զեկույցի» նպատակը, եթե ոչ հանրային կարծիքի վրա ազդելը», – OC Media-ին ասել է Գոգիան:

«Կարևոր է, որ իշխանություններն արդյունավետ կերպով հետաքննեն [Լաշկարավայի – խմբ․] մահվան ճշգրիտ պատճառները և պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին», – հավելել է նա։

Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյից OC Media-ին ասել են, որ փորձաքննությունը «մոտ է ավարտին», և որ արդյունքները «հնարավորինս շուտ» կներկայացվեն իշխանություններին:

Մեկնաբանել