Հայկական կողմը նույնպես Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի․ Հայաստանի ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։

«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում»,- հայտարարել է Հունանյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր․ «Մոտ ապագայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ բանագնացներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մենք բացելու ենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի հետ չարթերային թռիչքները»։ Թուրքիայի արտգործնախարարն ընգծել էր, որ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ իրականացվելու է Ադրբեջանի հետ համատեղ։