Արշալույս Մղդեսյան
Թավշյա հեղափոխությունց ավելի քան երեք տարի անց Հայաստանում, բացի մի քանի լրագրողներից ու իրավապաշտպաններից, գրեթե ոչ ոք չի խոսում անցումային արդարադատություն ու վեթինգ անցկացնելու խոստման մասին, որը պետք է գիծ քաշեր անցյալի ու ներկայի միջև: Նպատակը, իհարկե, հանրային համերաշխության ու արդարության հաստատումն էր, ինչի բացակայությունը կամ դրա մասին հանրային ընկալումները հեղափոխության խորքային պատճառներից էին: Իշխանությունը, սակայն, գնաց առավել հեշտ, վեթինգ չանելու ճանապարհով՝ խորացնելով հանրային տամադրությունների բևեռացումը:
2018-ի քաղաքական փոփոխություններից հետո անցումային արդարադատություն իրականացնելու շուրջ քննարկումները ծավալվում էին հանրային մեծ հնչեղություն ունեցող և իշխանության համար վտանգավոր իրադարձություններից անմիջապես հետո:
Անցումային արդարադատություն իրականացնելու նպատակը առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրած մեծ հանրահավաքին, որից ուղիղ չորս օր առաջ՝ օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել այդ ժամանակ «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանի հայտարարության թիրախում առաջին հերթին դատական համակարգն ու դատավորներն էին, որոնց «բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը…», իսկ երկրի հեղափոխական առաջնորդը նրանց «շատ ուղիղ և կոնկրետ» ասաց. «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»:
Որոշ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ անգամ կալանավորվեց, կրքերը հանդարտվեցին, վեթինգի ու անցումային արդարադատության շուրջ քննարկումները՝ ևս: Երկրորդ անգամ դատական համակարգում վեթինգի կամ «վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտության մասին» վարչապետ Փաշինյանը խոսեց 2019-ի մայիսի 20-ին, որից երկու օր առաջ`մայիսի 18-ին, դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ազատ էր արձակվել:
Երկրի ղեկավարն այդ ժամանակ «կենսական անհրաժեշտություն» անվանեց «անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը»՝ խոստանալով «մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփել վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ կատարած աշխատանքը»։ Այնուհետև նա խիստ տոնով հայտարարեց. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի»:
Շուրջ 2,5 տարի է անցել, սակայն դատավորները վեթինգի չեն ենթարկվել, անցումային արդարադատության մեխանիզմներից քիչ թե շատ ներդրվել է միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմը: Դատախազության համանուն վարչությունը մեկ տարուց ավելի տևած ուսումնասիրություններից հետո այս տարվա հոկտեմբերի 19-ին ավարտին է հասցրել միայն առաջին գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան։ Խոսքն ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի և նրա կնոջ՝ Անուշ Անտոնյանի մասին է:
Անցումային արդարադատության մեխանիզմներից կարելի է համարել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը սակայն ստուգում է նոր նշանակվող բարձրաստճան պաշտոնյանների բարեվարքությունը: Գործող պաշտոնյանների վրա այն չի տարածվում:
Հայտնի չէ նաև, թե ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում փաստահավաք հանձնաժողովի կազմավորմանը, որի մասին հայտարարվեց 2020-ի մայիսին, իսկ օրենքի նախագիծը 2021-ի սկզբին պետք է ներկայացվեր Ազգային ժողով: Այդ հանձնաժողովը, ինչպես այն ժամանակ ներկայացնում էին գաղափարի հեղինակները, պետք է օժտված լիներ 1991-2018 թթ. ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների և դրանց պատճառների, նաև կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը լուսանցք մղեց նաև այս թեման՝ առաջին պլան մղելով պատերազմի հանգամանքների ուսումնասիրության շուրջ իշխանություն-ընդդիմություն սուր վեճը և բանակում կադրային իրարանցումն ու ձերբակալությունները: Հենց սա է պատճառը, որ ոչ միայն հանրության լայն, այլև մասնագիտական նեղ շրջանակների համար անհասակալի են մնում առանցքային կադրային նշանակումները, երբ նախկինները մեկ որոշմամբ դառնում են ներկա, իսկ ներկաները՝ նախկին: Ամեն ինչ թողնված է իշխանության նեղ խմբի (ավելի ճիշտ մեկ անձի) խղճին ու հայեցողությանը:
Սոցիալական արդարություն, իսկ դրա հիման վրա սոցիալական համերաշխություն հաստատելու մեխանիզմները կիրառվեցին խիստ հատվածական, ինչի հետևանքով հանրային տրամադրությունների բևեռացումը շարունակում է խորանալ: Կոնֆլիկտային միջավայրը միայն սրվում է, իսկ նախկինների ու ներկաների միջև գիծն էլ ավելի է շեղ դառում: Համերաշխության գիծն այդպես էլ չգծվեց: Չի բացառվում, որ սա արվել է ոչ միայն մասնագիտական ոչ կոմպետենտության պատճառով, այլև միտումնավոր, քանի որ գործող իշխանության բովանդակության և փիլիսոփայության կարևոր կռվաններից է կոնֆլիկտը, որից սնվում է այն: Կոնֆլիկտային միջավայրն է սնում նաև խորհրդարան անցած արմատական ընդդիմությանը:
Վերոնշյալի ֆոնին անցումային արդարադատություն կամ վեթինգ անցկացնելու նոր հայտարարություններն ու խոստումները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ ձեր գործերն այնքան բարձր են աղաղակում, որ չի լսվում ձեր ձայնը: