Փետրվարի 1-ից չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը կարող է դառնալ վճարովի

Առողջապահության նախարարությունում քննարկվում է փետրվարի 1-ից կորոնավիրուսային հիվանդության բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության փոխանախարար Գևորգ Սիմոնյանը։

Առողջապահության նախարարությունը վերջին ամիսներին շարունակաբար հանդես է գալիս համաճարակային սահմանափակումները խստացնելու նախաձեռնություններով։

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ պահանջ, ըստ որի՝ պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին: Մինչ այդ՝ հոկտեմբերի 1-ից սկսած, աշխատող քաղաքացիները պարտավոր էին գործատուին տրամադրել կամ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։

Նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսին ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ մշակում է նախագիծ, համաձայն որի՝ հունվարի 1-ից հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված քաղաքացիների համար․ «Հունվարի 1-ից սննդի կետերում, մշակութային միջոցառումներին՝ համերգներ և այլն, քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- նշել էր նախարարը։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 452 374 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 869 750 մարդ, երկրորդ դեղաչափով` 582 624։

Հայաստանում դեկտեմբերի 13-ին կատարվել է 5 567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Մեկ օրում առողջացել է 472 մարդ, արձանագրվել է մահվան 26 դեպք: