Դպրոցական կռիվներ․ որոնք են պատճառները և ինչպես հաղթահարել

Աշխարհում թերևս չկա դպրոցի տնօրեն, որի աշխատասենյակ մի օր չի մտել շփոթված և տագնապած աշխատակից և հայտնել, որ դպրոցում կռիվ է եղել։

Կռվելը բնական է մարդու համար։ Սովորական կյանքում մարդիկ դիմում են ուժի, երբ սոցիալական աստիճանակարգման մեջ նրանց կարգավիճակը վտանգված է, երբ իրենց խոցելի են զգում։ Կան մարդիկ, որոնք բարձր կարգավիճակի կարիք ունեն և ստիպված են անընդհատ այն պաշտպանել՝ դառնալով ագրեսիվ և ֆիզիկական վտանգ ներկայացնելով շրջապատի համար։ Դա սովորաբար տկարության հետևանք է․ կայացած մարդիկ հազվադեպ են ագրեսիվ լինում, քանի որ նրանց կարգավիճակը չի գտնվում ֆիզիկապես գերիշխելու ոլորտում։ Եթե մեկը մեքենա վարելիս իրեն ագրեսիվ է դրսևորում, համոզված եղեք, որ նրա վարքագիծը խորը ներքին խոցելիությունից է դրդված՝ այն աստիճան, որ չի գիտակցում, որ դրանով մերկացնում է իր խոցելի լինելը մարդկանց առջև։

Ի դեպ, խնդրում եմ, զուգահեռներ չտանել միջմարդկային ընդհարումների և պատերազմների միջև․ դրանք շատ տարբեր ծագումնաբանություն ունեն՝ հոգեբանությունը և հասարակագիտությունը տարբեր ոլորտներ են։

Երեխաները ենթագիտակցաբար ընկալում են ագրեսիվության իրական պատճառները։ Մանկավարժները պետք է գործադրեն ամեն ջանք, որպեսզի կառավարեն իրենց հույզերը և թույլ չտան, որ երեխաները տեսնեն նրանց իրապես զայրացած, սեփական ագրեսիան բացահայտ ցուցաբերելիս․ մի անգամ ձեր թուլությունը և անզորությունը ցուցաբերելուց հետո շատ դժվար կլինի վերականգնել երեխաների հարգանքը։

Երբ հույզերը լարվում են, մարդկանց մոտ առաջանում է այսպես կոչված «թունելային ընկալում», երբ բավական տրամաբանական այլընտրանքները դառնում են անհնարին, միտքը սևեռվում է միակ հնարավոր թվացող տարբերակի վրա։ Սա լինում է ոչ միայն կռվից առաջ․ այս երևյութը հանդիսացել է բազմաթիվ ավիավթարների պատճառ, այն բերում է մարդկանց ինքնասպանության և այլն։

Այսպիսով, ֆիզիկական ուժի կիրառումը բնական է մարդու համար, առավել ևս՝ երեխայի, որը մեծահասակներից շատ ավելի անփորձ է սեփական հույզերը կառավարելու մեջ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հորդորենք երեխաներին հանգուցալուծել կուտակված լարվածությունը կռվի միջոցով։ Մարդկային մշակույթը հենց նրա համար է ստեղծված, որ սահմանափակի կենդանական մակարդակի մեր մղումները և դրանց փոխարեն տա հարաբերություններ կառուցելու ավելի արդյունավետ գործիքներ։

Այս ամենից հետևում է, թե ինչ պետք է անեն մեծահասակները, երբ երեխաները դպրոցում ընդհարվել են։ Բուն կռվի համար պատժելը անիմաստ է, քանի որ, ինչպես մենք հասկացանք, դա հետևանք է այլ, ավելի կարևոր բաների։

Ուրեմն, առաջնայինը կռվի նախապատմությունն է, պատճառները, որոնք ստեղծել են այնպիսի միջանձնային լարվածություն, որ հույզերը շիկացել են, մյուս միջոցներն այլևս չեն գործել, և երեխաները կռվել են։ Վերլուծենք դեպքերի զարգացման հիմնական տարբերակները։

1. Հալածանք (բուլինգ)։ Սրա մասին մենք արդեն խոսել ենք մեր նախորդ հաղորդումներից մեկում։ Ի դեպ, դուք կարող եք գտնել «Կրթության տապանի» նախորդ թողարկումները՝ որոնելով #կրթությանտապան Facebook-ում, Youtube-ում կամ ուղղակի Google-ի միջոցով։ Կռիվները շատ հաճախ բռնկվում են կամ հալածանքի զոհի նախաձեռնությամբ, երբ, նրա կարծիքով, իրավիճակը հասել է կիզակետի, կամ էլ հալածողների կողմից՝ որպես ճնշման հերթական միջոց։ Այս դեպքում մենք պետք է գործենք հալածանքի դեմ, անհրաժեշտ քայլերի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ հաղորդման մեջ։ Առավել վտանգավոր է կռվի համար պատժելու միտումը, քանի որ հալածանքի զոհը այդ դեպքում կրկնակի հարված է ստանում, իսկ հալածանք իրականացնողները ամեն դեպքում իրենց «հաղթած» են զգում և ընկալում են մեծերի դիրքորոշումը որպես աջակցություն։

2. Միջանձնային հարաբերությունների ճգնաժամ։ Սա այն դեպքն է, երբ տարբեր պատճառներով երեխաները չեն կարողացել հարթել միմյանց միջև առաջացած կարճաժամկետ կամ երկար կուտակված խնդիրները, որոնք բավականին ցավոտ են եղել նրանց համար։ Սա նվազ վտանգավոր և ամենահեշտ հանգուցալուծվող տարբերակն է։ Ուղղակի մանկավարժները, ծնողները և հոգեբանները պետք է աշխատեն երեխաների հետ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև նրանց ընկերներին, որպեսզի կարողանան նվազեցնել լարվածությունը և խուսափել ֆիզիկական ընդհարումներից։ Շատ դեպքերում նման իրավիճակներից երեխաները շատ բան են սովորում, կարող է ձևավորվել ամուր ընկերություն և փոխադարձ վստահություն։

3. Միջխմբային լարվածություն։ Սա արդեն բավական ծանր խնդիր է և սովորաբար հանդիսանում է մանկավարժների և ծնողների անուշադրության և բացթողումների հետևանք։ Միջխմբային լարվածության արդյունքում առաջացած ընդհարումները առավել վտանգավոր են, քանի որ երեխաները սովորաբար երկար նախապատրաստվում են դրանց, կարող են իրենց մոտ ունենալ սառը զենք, կարող են դրսից մարդկանց ներգրավել և այլն։ Անհնար է, որ խմբերի ձևավորումը, դրանց միջև խմորումները, լարվածության աճը չնկատվեն, քանի որ մինչև մեծ ճգնաժամը անպայման կլինեն փոքր դրվագներ, ընդհարումներ դասարանում կամ դասամիջոցին։ Խմբերում չներգրավված աշակերտները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ ինչ-որ խմբի երկրպագուներ և կողմնակի դիտորդներ։ Կլինեն պատասխանատու երեխաներ, որոնք, կանխազգալով վտանգավոր զարգացումները, կպատմեն իրավիճակի մասին իրենց ծնողներին և ուսուցիչներին վստահելու դեպքում՝ նաև վերջիններին։ Ծնողների և ուսուցիչների արձագանքը այստեղ շատ կարևոր է։ Եթե նրանք ցուցաբերեն անտարբերություն, շատ շուտով նույն անտարբերությունը կլինի բոլոր չներգրավված երեխաների մոտ։ Եթե նրանք զգոն լինեն, անմիջապես տանգապ հայտարարեն, զբաղվեն խնդրով, շատ ավելի հեշտ կլինի ոչ միայն խուսափել մեծ ճգնաժամից, այլև արդյունավետ աշխատանք տանել աշակերտների հետ լարվածությունը նվազեցնելու, խմբային մտածողությունը քայքայելու և խմբերին միավորելու ուղղությամբ։ Մեծ կռվից հետո շատ ավելի դժվար գործընթաց է լինելու, քանի որ այն ոչ թե նվազեցնելու է լարվածությունը, այլ ավելի է ամրապնդելու խմբերը և դրանց միջև թշնամությունը։

Եթե արդեն ամեն բան պատահել է, պետք է շատ կտրուկ գործել։ Տարանջատել կռվին մասնակցած աշակերտներին միմյանցից, ակտիվորեն ներգրավել երեխաներին դասավանդող բոլոր մանկավարժներին և ծնողներին, կանխել ծնողների միջև որևէ ընդհարում, հակառակը՝ միավորել ծնողներին ընդհանուր խնդրի շուրջ։ Ճգնաժամը հաղթահարելուց հետո, երբ կրքերը հանդարտվեն, պետք է սկսել հետևողական և երկարաժամկետ աշխատանք բոլոր ներգրավվածների հետ և ոչ միայն նրանց, ովքեր անմիջապես մասնակցել են կռվին։ Ընկերները, համադասարանցիները, մանկավարժները՝ բոլորը, ովքեր գիտեին և ոչինչ չեն ձեռնարկել կռիվը կանխելու ուղղությամբ, պետք է անձնապես պատախան տան։ Նրանց առաջ պետք է դնել նպատակներ՝ դպրոցի համայնքը միավորելու, լարվածությունը կանխելուն, նեղխմբային մտածողությանը հակադրվելու ուղղությամբ։

Ամբողջ դպրոցը պետք է զգա և կիսի եղածի ծանր պատասխանատվությունը, դրա մասին պետք է խոսվի, և այդ ամենը պետք է առնվազն մի քանի ամիս անընդհատ լինի քննարկման առարկա։ Միայն խորը ինքնաանդրադարձի դեպքում հնարավոր կլինի հաղթահարել իրավիճակը, կանխել նման զարգացումներն ապագայում և ամրապնդել դպրոցի համայնքը։

4. Որպես միջխմբային լարվածության մասնավոր դեպք, բայց նաև որպես հալածանքի տարբերակ կարելի է դիտարկել ագրեսիվ ինքնակայացող խմբի խնդիրը։ Այս դեպքում զուգահեռաբար կիրառելի է երկու մոտեցում՝ և որպես միջխմբային լարվածության, որտեղ երկրորդ խումբը ամբողջ դպրոցն է, և որպես հալածանքի, որտեղ հալածանքի կարող է ենթարկվել ցանկացած երեխա և անգամ՝ ուսուցիչ։

Լարվածությունը և տարատեսակ ընդհարումները անխուսափելի են դպրոցի կյանքում։ Դրանք հնարավոր չէ ուղղակի «արգելել», դա չի բերի լավ արդյունքի։ Դրանք չի կարելի անտեսել՝ ուղղակի պահանջելով, որ երեխաները կռվեն դպրոցի տարածքից դուրս, ինչպես, ցավոք, հաճախ անում են դպրոցների ղեկավարները և մանկավարժները։ Փոխարենը, պետք է դրանք օգտագործել որպես միջոց երեխաների մոտ կյանքի կարևոր հմտություններ ձևավորելու, իրական և սուտ արժեքների շուրջ խոսակցություններ ունենալու, երեխաների հոգեբանական խնդիրներին լուծումներ տալու համար։

Մանկավարժները և ծնողները պետք է ոչ թե նախատեն և պատժեն երեխաներին, որոնք հայտնվել են նման իրավիճակում, այլ լինեն օգնական և աջակից, խորապես զգան երեխաների հույզերը, չլինեն անհաղորդ, չվերածվեն ոստիկանների կամ դատավորների, չդառնան ընդհարման մաս, յուղ չլցնեն կրակի վրա։ Սա դժվար է, բայց կրթության մեջ կա երկու ճանապարհ՝ հեշտ և ճիշտ։