Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը․ Փաշինյան

նիկոլ փաշինյան - nikol pashinyan ասուլիս

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- գրել է վարչապետը։

Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի պես»։

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար։ Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»,- հայտարարել է Ալիևը։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։ Այսօր նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում։