Պուտինը և Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի ունեցել հեռախոսազրույց, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում ընթանում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մակրոնը և Պուտինը հույս են հայտնել, որ Բրյուսելում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ևս օգտակար կլինի։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները կարևորել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել