«Հրաման ստացանք իջնել դիրքերից, իջանք՝ ադրբեջանցիներ էին»․ պատմություն Խծաբերդի գերեվարումից

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Խծաբերդ գյուղում վեց տասնյակից ավելի պահեստազորայիններ գերեվարվեցին ադրբեջանական զինուժի կողմից։ Հանրությունն այդ մասին իմացավ շատ պատահական՝ ադրբեջանական հրապարակումներից, որոնցից հետո միայն՝ դեկտեմբերի 16-ին, Պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով, որ նախօրեին «կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։

Խծաբերդ տեղափոխված շիրակցի պահեստազորայինները անծանոթ էին տեղանքին և չունեին կապի միջոցներ։ Օրեր անց նրանք գերեվարվել են։ Խծաբերդի հայտնի դեպքերից ուղիղ մեկ տարի անց ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է գերությունից վերադարձած Սիսակ Ենգոյանի և մեկ այլ գերու հոր՝ Վանոյի հետ։

2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Խծաբերդ գյուղ տեղափոխված շիրակցի պահեստազորայինները, հասնելով դիրքեր, կարճ ժամանակ անց հասկացել են, որ բոլոր կողմերից շրջապատված են ադրբեջանական ուժերով։ Նրանցից 40-ամյա Սիսակ Ենգոյանը նշում է, որ իրենց առջևում Հադրութն էր, որը ադրբեջանցիները գրավել էին դեռ պատերազմի ժամանակ, իսկ թիկունքում՝ Լաչինի շրջանը, որտեղից հայկական ուժերը դուրս էին բերվել դեկտեմբերի 1-ին։

Պահեստազորայինները դիրքերում եղել են 17 օր, հերթափոխ այդպես էլ չի իրականացվել։ Վերջին օրը, ըստ Ենգոյանի, իրենց զանգել է հրամանատար Արսեն Ղազարյանի օգնականը և հրահանգել շուտ իջնել դիրքերից։ «Երբ իջանք, նրանք այնտեղ չէին [հրամանատարությունը – խմբ․], նրանց դիրքերում ադրբեջանցիներ էին։ Մենք հայտնվել էինք շրջափակման մեջ»,- պատմում է Ենգոյանը։ Նրա խոսքով՝ հրամանատարից կրակելու հրաման չեն ստացել. «Մեզ տվել էին «խաղալիք-ռացիաներ», որոնցով կապ չէինք կարողանում հաստատել, իսկ բջջային կապը անջատվել էր»։

Գերեվարումից առաջ Ենգոյանը եղել է հոգեկան ծանր վիճակում. «Ես մի ժամ նստել եմ, մեկ ու կես տուփ ծխախոտ եմ ծխել, փորձում էի հասկանալ՝ ինչ անել։ Այդպես էլ չկարողացա լուծում գտնել։ Ստիպված տղերքի հետ հանձնվեցինք»։

Մի քանի ամիս գերության մեջ մնացած Ենգոյանին վիրավորել են պաշտոնյաների այն հայտարարությունները, թե «գերեվարված զինվորները դասալիքներ են»։

«Այստեղ խոսում են, որ մարդիկ նռնակով թող իրենց պայթեցնեն, գիտեք ի՞նչ, ժողովուրդ, ինքնասպանությունը հերոսություն չէ։ Ես էլի այսօր կենդանի եմ ու փորձում եմ իմ ներածին չափով օգնել հայրենիքիս։ Մեր զոհերը վայ թե քիչ են հա՞ ձեզ, մի հատ էլ մենք մեզ նռնակով պայթեցնեինք, մեր շիրիմները թող շատանան»։

Քանի որ պահեստազորայինները չեն կարողացել կապ հաստատել հրամանատարության հետ, սկսել են բանակցել ադրբեջանցիների հետ, որոնք էլ վստահեցրել են, թե նրանց կհանձնեն խաղաղապահներին։

«Բայց այդպես խաբեցին, ռուս խաղաղապահների մոտ տանելու փոխարեն մեզ տարան Բաքու։ Ես հասկանում եմ, որ թշնամուն վստահել չի կարելի, բայց մենք այլընտրանք չունեինք»,- ասում է մեր զրուցակիցը։

Պահեստազորայինները 62 հոգով էին, նրանց հետ բանակցելու են եկել ադրբեջանցի հրամանատարները։ Վերջիններս զինաթափել են հայ զինծառայողներին ու տարել Տող գյուղ [պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ էր], այնուհետև՝ Բաքու։

Բաքվում նրանց պարբերաբար ծեծում էին, սպառնում, որ կսպանեն։ Մի քանի օր մնալուց հետո նրանց այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Երբ գերեվարված անձանց անունները փոխանցել են կազմակերպությանը, ադրբեջանցիների մոտեցումն էլ է փոխվել։

«Մեզ դատեցին Բաքվում, նրանց դատարանը մեզ տվեց վեց ամիս։ Այդ ժամանակ հասկացանք, որ կազատվենք, քանի որ յոթ ամիս է՝ նրանց բանտում էինք»,- պատմում է մեր զրուցակիցը։

Խծաբերդում գերեվարված մեկ այլ պահեստազորայինի հոր՝ Վանոյի խոսքով՝ որդու հետ գերեվարումից առաջ խոսել է 2020-ի դեկտեմբերի 12-ին։ Այնուհետև կապը կորել է, գնացել է Բերձոր ու կապ հաստատել հրամանատարության հետ, նրան հայտնել են, թե Շիրակի պահեստազորայինները հայկական ուժերի տեսադաշտում են. «Այդ ժամանակ, երբ ինձ վստահեցնում էին, թե բանակցությունների մեջ են, իրականում մեր տղաներն արդեն գերեվարված էին»։

Ռազմագերու հայրն անընդունելի է համարում վերջերս լրատվամիջոցներում հրապարակված՝ գերեվարված անձանց ցուցմունքները, նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. «Ես չեմ հասկանում էս երկրում ռազմական գաղտնիք չկա՞»։

Հայրը նշում է, որ որդին 14 օրից ավելի գտնվել է սարերում, հերթափոխ չի եղել. «Այդ հերթափոխի ժամանակ 38 հոգի փախել են, իսկ մեր տղերքը մնացել են գերեվարված»։

Վանոյի որդին պատերազմի ժամանակ կռվել է Ջրականում (Ջաբրայիլում), իսկ պատերազմից հետո տեղափոխվել Խծաբերդ, որտեղ էլ գերեվարվել է։ Այժմ հայրենիքում է, բուժում է ստանում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել