ԱՄՆ-ն ողջունում է Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի՝ բանագնացներ նշանակելու հայտարարությունները

Միացյալ Նահանգները ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայից և Հայաստանից հնչող հայտարարությունները։

«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում ենք Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի՝ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու մասին հայտարարությունները»,- Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր․ «Մոտ ապագայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ բանագնացներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մենք բացելու ենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի հետ չարթերային թռիչքները»։ Թուրքիայի արտգործնախարարն ընգծել էր, որ այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ իրականացվելու է Ադրբեջանի հետ համատեղ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել է, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Մեկնաբանել