Ինչ սպասել Փաշինյան – Ալիև – Միշել հանդիպումից հետո

nikol pashinyan ilham aliyev charles michel

Դեկտեմբերի 14-ի երեկոյան Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմը հանդիպումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել, հատկապես այն բանից հետո, երբ հանդիպման պայմանավորվածության մասին հայտնի դարձավ Մոսկվայում նոյեմբերի 8-ից 12-ը կայանալիք Փաշինյան – Ալիև – Պուտին եռակողմ հանդիպման հետաձգումից հետո։ Հայկական լրատվական և փորձագիտական դաշտը եռում էր տարաբնույթ գնահատականներով և կանխատեսումներով՝ «Եվրամիությունը ձեռնոց է նետում Ռուսաստանին Հարավային Կովկասում», «Ռուսաստանը կորցնում է իր միջնորդի առանձնաշնորհյալ դիրքը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում» և այլն։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ Փաշինյան – Պուտին – Ալիև հանդիպումը և համատեղ հայտարարության ընդունումը որոշակիորեն նվազեցրին Բրյուսելյան հանդիպումից առաջ ձևավորված աժիոտաժը, սակայն փորձագիտական դաշտում շարունակվում էին ինտենսիվ քննարկումները հանդիպման հնարավոր արդյունքների վերաբերյալ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդրով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի՝ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացած ձախողված հանդիպումը և հայ-ադրբեջանական սահմանին գրանցված հերթական էսկալացիան վկայում էին նոյեմբերի 26-ն Սոչիում կայացած քննարկումների համեստ արդյունքների մասին, ինչն ավելի էր մեծացնում սպասումները Բրյուսելից։

Հանդիպումից մի քանի ժամ առաջ Ադրբեջանի նախագահը որոշեց օգտագործել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսը՝ հրապարակելու համար հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը՝ «Սյունիքի մարզով Նախիջևան անցնող ճանապարհներին հայկական կողմը չպետք է իրականացնի մաքսային և անձնագրային վերահսկողություն, հակառակ դեպքում Ադրբեջանը կպահանջի Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետերի տեղակայում»։ Ալիևն այս հայտարարությամբ ընդամենը հրապարակայնացրեց Ադրբեջանի դիրքորշումը, որը պաշտոնական Բաքուն տարբեր խողովակներով ներկայացնում էր բավական երկար ժամանակ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս դիրքորոշմամբ է պայմանավորված հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրում առաջընթացի բացակայությունը։ Հայաստանը միշտ էլ մերժել է Լաչինի միջանցքի խնդիրը Հայաստան – Ադրբեջան հաղորդակցության ուղիների հետ կապելու Ադրբեջանի փորձերը, ինչը Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց Բրյուսելի եռակողմ հանդիպումից ժամեր առաջ արված գրառմամբ։

Նույն տեքստի հակասական մեկնաբանություններ

Ուշ երեկոյան ավարտված հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես եկավ ամփոփոիչ հայտարարությամբ։ Հայտարարության վերլուծությունը ցույց է տալիս, որ կողմերը առայժմ հեռու են փոխադարձ ընդունելի լուծումներից։ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը 2020-ի նոյեմբերի 10-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների առնչությամբ։ Սակայն կողմերը դրանք տարբեր կերպ են մեկնաբանում։ Ադրբեջանը պնդում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը պարտադրում է Հայաստանին հրաժարվել Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհներին սահմանային և մաքսային վերահսկողության իրականացումից, մինչդեռ Հայաստանը համոզված է, որ հայտարարությունն այս խնդրի որևէ առնչություն չունի։

Ադրբեջանը պնդում է, որ նոյմբերի 10-ի հայտարարությունը չի առնչվում Բաքվում գտնվող հայ գերիներին, մինչդեռ հայկական կողմը վստահ է, որ գերիների առկայությունը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի հայտարարության կոպիտ խախտման հետևանք է։ Եվրոպական խորհրդի նախագահի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են առաջ շարժվել երկաթուղու վերագործարկման ուղղությամբ՝ փոխադարձության սկզբունքով իրականացվելիք սահմանային և մաքսային վերահսկողությամբ։ Հենվելով այս կետի վրա՝ Ադրբեջանը կշարունակի պնդել, որ փոխադարձության սկզբունքը ենթադրում է կա՛մ մաքսային և սահմանային հսկողության բացակայություն թե Սյունիքով անցնող ճանապարհներին և թե Լաչինի միջանցքում, կա՛մ մաքսային և սահմանային վերահսկողություն երկու տեղերում։ Մինչդեռ Հայաստանը գտնում է, որ Լաչինի միջանցքն այստեղ որևէ կապ չունի, և փոխադարձության սկզբունքը ընդամենը նշանակում է, որ Ադրբեջանն իրականացնելու է մաքսային և սահմանային վերահսկողություն Հայաստանից Նախիջևանի տարածքով Իրան փոխադրումների, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզի տարածքով Նախիջևան փոխադրումների նկատմամբ։

Ամենայն հավանականությամբ, կողմերը այս հայտարարությունը կմեկնաբանեն տրամագծորեն տարբեր կերպ. Ադրբեջանը կհայտատարի, որ այն արտացոլում է իր հիմնական դիրքորոշումները, հայկական կողմը կպնդի, որ դրանով վերահաստատվել են իր մոտեցումները։

Ինչ սպասել

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկաթուղային հաղորդակցության գործարկումը հնարավոր է միայն 2023-ի վերջին, երբ Ադրբեջանը ավարտի Հորադիզ – Հայաստանի հետ սահման, իսկ Հայաստանը՝ Մեղրիի շրջանով անցնող երկաթգծի վերականգնումը։ Մինչ երկաթուղիների վերականգնումը կողմերը կշարունակեն իրարամերժ հայտարարություններն ու նույն տեքստերի՝ իրար հակասող մեկնաբանությունները։ Ադրբեջանը կշարունակի գրաված պահել Հայաստանի տարածքի առնվազն 41 քառակուսի կիլոմետրը և նոր ռազմական սադրանքներ կհրահրի Հայաստանի հետ սահմանին՝ դա օգտագործելով որպես ճնշման միջոց։

Ադրբեջանը և Հայաստանը 2025-ի գարնանը պետք է դիրքորշում հայտնեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի երկաձագման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը սահմանային և մաքսային վերահսկողության խնդիրը կկապի նաև այս հարցի հետ՝ ակնարկելով, որ եթե Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետեր չդրվեն, իսկ Հայաստանն էլ հրաժարվի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության Սյունիքի մարզում ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ապա Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահների հեռացում։

Միևնույն ժամանակ, արդեն 2022-ի ամռանը Ադրբեջանը կսկսի Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը՝ ցանկանալով հնարավորինս արագ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ունենալ առնվազն հավասար քանակությամբ հայ և ադրբեջանցի բնակչություն։ Միաժամանակ կշարունակվեն սադրանքներն Արցախում՝ հայ բնակչության թվաքանակն այնտեղ նվազեցնելու նպատակով։ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ ինքը կարողացել է լուծել ռազմավարական նշանակության թիվ մեկ խնդիրը՝ Ղարաբաղի հարցը, և իրեն ընդամենը ժամանակ է պետք (7-10 տարի) 2020-ի ձեռքբերումները մարսելու և Ղարաբաղում մնացած հայ բնակչության խնդիրը այս կամ այն կերպ կարգավորելու համար։