Բուհերը հեղափոխությունից հետո. խոստացված «ապաքաղաքական» դեմքերը

nikol pashinyan yerevan state university

Ժաննա Ավագյան

Անի Գրիգորյան

Մոտ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը, ինչը միանշանակ չընդունվեց՝ մեծ քննարկումների ու դժգոհությունների առիթ դառնալով։ Այս նշանակումը փաստացի հակասում է հեղափոխության խոստումներից մեկին։ 2018-ի ապրիլի 15-ին խոսելով բուհերի քաղաքականացված լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100-տոկոսանոց ինքնակառավարման։ «Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ Եվ այս իրավիճակը պետք է հաղթահարվի»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այս խոստումից և դրանից հետո հնչած համաձայնության ծափերից անցել է երեք տարի։ Այսպես, հայտնի է, որ Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագրի» ամենաակտիվ անդամներից է, ներկայում ՔՊ վարչության նախագահը։ Վերջինս 2019-2021թթ․ եղել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ապա նշանակվեց փոխվարչապետ, իսկ այս տարվա նոյմբերի 15-ից զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Ներկայում պետական համակարգում ներգրավված պաշտոնյաներից՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՝ 2021 թվականից։

Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Գևորգյանին հետհեղափոխական իշխանությունը 2018-ի հոկտեմբերին նշանակել էր գյուղատնտեսության նախարար։

Բացի հոգաբարձուների խորհրդից, ՍիվիլՆեթն ուսումնասիրեց, թե հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ են եղել բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների՝ ռեկտորների կազմում։

Ուսումնասիրության է ենթարկվել 21 բարձրագույն ուսումնական հաստատություն։

Եվ այսպես՝ 2018-ի հեղափոխությունից հետո վերոնշյալ 21 բուհերից 14-ի ռեկտորներն են փոխվել, որոնց թվում են՝ Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանները։

2018-ի իշխանափոխությունից հետո ընտրված կամ նշանակված ռեկտորներից մի քանիսը, չնայած պաշտոնական կենսագրականում նշում են անկուսակցական լինելու մասին, նախկինում եղել են քաղաքական թիմի անդամ կամ պաշտոններ են զբաղեցրել։

Այս տարվա օգոստոսի 5-ին Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը, որը մինչ այդ պատգամավոր էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։ Հովհաննիսյանը թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չէր և անկուսակցական էր, սակայն փաստացի իշխող թիմի անդամ էր։ Հեղափոխությունից հետո Հովհաննիսյանը եղել էր նաև Կրթության և գիտության փոխնախարար։

2021-ի մայիսի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր նշանակվեց Գոռ Վարդանյանը, որը 2017-2018թթ․ եղել է Երևանի ավագանու անդամ՝ ՀՀԿ ընտրական ցուցակով։ Սակայն Վարդանյանի՝ որևէ կուսակցությունում ներգրավվածության մասին տեղեկություն չկա։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հեղափոխությունից հետո հասցրել է երկու ռեկտոր փոխել։ 2018-ի դեկտեմբերից 2019-ի օգոստոսը բուհի ռեկտորի պաշտոնակատարն էր Ռուբեն Հայրապետյանը։ Վերջինս 2018-ին «Իմ քայլը» դաշինքից որպես անկուսակցական թեկնածու ընտրվել էր Երևանի ավագանու անդամ:

2019-ից համալսարանի ռեկտորն է Դիանա Գալոյանը՝ սկզբում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ ռեկտոր։ Գալոյանի՝ որևէ կուսակցությունում ներգրավվածության մասին կրկին տեղեկություն չկա։

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը 2018թ․ ժամանակավոր պաշտոնակատարից դարձել է ռեկտոր։ Վերջինս ՀՀԿ համամասնական ընտրակարգով 2012թ. Աժ ընտրություններում ընտրացուցակի 111-րդ համարն էր։ 2010-2017թթ․ զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնը։ Ներկայում Հարությունյանը ևս որևէ կուսակցության անդամ չէ։

Այս տարվա դեկտեմբերի 15-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը։ Նա 2014թ․ ապրիլից 2016թ․ սեպտեմբերը եղել է առողջապահության նախարար։

Բուհերի ինքնակառավարման մասին

Նիկոլ Փաշինյանը 2018թ. ապրիլի 15-ի իր ելույթում անդրադարձել էր նաև բուհերի ինքնակառավարմանը։

«Սկսած ռեկտորից՝ ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այս տարվա մարտի 24-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթ:

Սրանով բուհերի ռեկտորներին ընտրելու էին կառավարման խորհուրդները, այլ ոչ լիազոր մարմինը՝ Կրթության նախարարությունը։ Ինչպես նաև օրենքով չէին ամրագրվելու նաև ռեկտորի թեկնածուների համար սահմանված պահանջները․ դրանք կարգավորելու էին բուհերը։

Նախագծում, սակայն, չէր փոխվել բուհերի կառավարման խորհուրդների կազմի վերաբերյալ դրույթը։ Խորհուրդների ինն անդամներից հինգին պետք է ներկայացներ Կրթության նախարարությունը, չորսին՝ բուհը։ Այս դրույթը դժգոհություն էր առաջացրել բուհերում, թե այդպիսով նվազում է նրանց ինքնավարությունը։

Այս նախագիծը, սակայն, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, մասնավորապես, բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին վերաբերող դրույթները, որոնց միջոցով, ըստ կրթության փորձագետների, բուհերի կառավարումը հանձնվում էր կառավարությանը։

Ապա հոկտեմբերին նախարարությունը հանրային քննարկման դրեց նույնանուն օրենքի լրամշակված տարբերակը, որով բուհերի հոգաբարձուների խորհուրդները կազմված կլինեն տասներկու անդամից, որից վեցին կառաջադրի բուհի ակադեմիական խորհուրդը, վեցին կնշանակի համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ նախարարը: Արդյոք այս նախագծի այս տարբերակը կընդունվի՞, թե՞ չէ՝ դեռ հայտնի չէ։ Հատկանշական է, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագիծը ստացել է 2226 կողմ, 3237 դեմ ձայն։