Հակակոռուպցիոն կոմիտեի համար 15 մլն դրամով երկու մեքենա չի գտնվում, առաջարկվում է ավելացնել գումարը

Ձախից աջ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը չի կարողանում 15 միլիոն դրամով համապատասխան 2 ավտոմեքենա գտնել Հակակոռուպցիոն կոմիտեի համար։ Ֆինանսների նախարարն առաջարկում է 15 միլիոն դրամի փոխարեն այդ նպատակին ուղղել 18,5 միլիոն դրամ։ Որոշման նախագիծը կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում է։

Անցյալ տարի Հակակոռուպցիոն կոմիտեին այդ նպատակով հատկացվել էր 120 միլիոն դրամ, որից երկուսի համար՝ 15 միլիոն դրամ, իսկ մնացյալ մեքենաների համար՝ 10-ական միլիոն։ Ինչպես հիմնավորում է ֆինանսների նախարարը, «հաշվի առնելով տնտեսական փոփոխությունները և շուկայում տրանսպորտային միջոցների գնային փոփոխությունները՝ կտրուկ գնային աճով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու Հակակոռուպցիոն կոմիտեին հատկացվող տրանսպորտային միջոցների մասով կարիքների վերագնահատում»։

Ֆինանսների նախարարությունը նաև շեշտել է, որ անհրաժեշտություն կա մեքենաների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման եղանակով։ Ընդհանուր առմամբ, ֆինանսների նախարարությունը նախատեսում է երկու հատուկ մեքենաներից յուրաքանչյուրի համար 18,5 միլիոն դրամ հատկացնել, իսկ մնացած 10 մեքենաների համար՝ 82,8 միլիոն դրամ։

Մեկնաբանել