Ալիևի հետ համաձայնեցրել ենք երկաթուղու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին․ Փաշինյան

նիկոլ փաշինյան- nikol pashinyan

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու երթուղին ու «այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում»։ Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությունը արձանագրվել էր Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ. «Երկաթուղին կգործի սահմանային ու մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,- վստահեցրեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ Թուրքիայի հետ արդյունավետ երկխոսության պարագայում այս նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ և կարող է օգտագործվել նաև երկաթուղու Գյումրի-Կարս հատվածը։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում պիտի նախագծվի, ապա կառուցվի նոր երկաթուղին։

«Ես չեմ ուզում գերագնահատել կամ թերագնահատել այս պայմանավորվածությունը ու հույս ունեմ, որ ճշգրիտ կիրագործենք։ Սա կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, նաև քաղաքական ու անվտանգային միջավայրը»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել