Հայաստանը երկարաձգում է կաշվի արտահանման արգելքը

Կառավարությունը մտադիր է շարունակել Հայաստանից անմշակ կաշվի արտահանման արգելքը։ Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է համապատասխան նախագիծը։

Այս տարվա հունիսի 3-ին կառավարությունն ընդունել էր նախագիծ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու նպատակով այս ապրանքի արտահանումը սահմանափակելու վերաբերյալ։ Արգելքը 6 ամսով էր ու այժմ այն երկարաձգվում է։

«Կաշվի արգելքի որոշման ընդունումից ի վեր՝ սույն թվականի հունիսի 3-ից մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ընկերությունների կողմից ընդունվել է 382,583 կգ չմշակված տավարի և 6 275 հատ չմշակված ոչխարի կաշի։ Կաշվի հումք վերամշակող ընկերությունների հզորությունը կազմում է ամսական 360 տոննա: Մինչև կաշվի արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը կազմել է մոտ 34 մլն դրամ, իսկ կաշվի հումքի վրա արտահանման արգելքի սահմանումից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ: Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քանի 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել