Ինչն էր ճիշտ և ինչը՝ ոչ Ալեն Սիմոնյանի պնդումներում

Ալեն-Սիմոնյան

Հայկ Հովհաննիսյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հարցազրույց էր տվել 1in.am-ին՝ անդրադառնալով իր եղբոր կողմից ղեկավարվող ընկերության ասֆալտապատման պետական մրցույթները շահելուն, իր համար գնված մեքենային և մի շարք այլ հարցերի։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը արդեն իսկ անդրադարձել է Սիմոնյանի կողմից այդ հարցազրույցում արված մանիպուլացնող ու իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումների։

Տե՛ս՝ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաները՝ ծառայողական մեքենաների թվի ու եղբոր բիզնեսների մասին

Բացի այդ, ԱԺ նախագահը արել էր պնդումներ, որոնց տվյալները ստուգելու համար անհրաժեշտ էր լրացուցիչ աշխատանք։

Ինչ մեքենա էր իրականում սպասարկում ԱԺ նախագահին

Հարցազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը խոսել էր նաև իր համար թանկարժեք BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենայի ձեռքբերման քննադատություններին և հայտնել, որ մինչ այդ իրեն սպասարկող զրահապատ մեքենան ծախսատար էր օգտագործման համար։

«Ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, ինքը շատ դժվար է սպասարկման մեջ, ինքն իր քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել էր Սիմոնյանը և հավելել, որ այդ պատճառով նոր մեքենա գնելու որոշում է կայացվել։

Սակայն Ալեն Սիմոնյանը թաքցնում է, որ իրականում վերջին տարիներին ԱԺ նախագահներին սպասարկել է ոչ թե զրահապատ մեքենան, այլ 2011-ի արտադրության BMW 750LI մեքենան։

Վերոնշյալ մեքենան գնվել էր հենց 2011-ին այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար։ Վերջինս «հրաժարվում» էր նստել զրահապատ BMW զրահապատ մեքենան, և այդ ժամանակ որոշվել էր նոր մեքենա գնել, որն էլ վերջին տարիներին սպասարկել է ԱԺ նախագահներին։

Օրինակ այդ մեքենայով վերջին անգամ նկատվել էր ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը՝ 2021-ի ապրիլին։

ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը և նրան սպասարկող BMW750LI մեքենան, 24 ապրիլ, 2021

Աժ-ից մեզ տրված պատասխանի համաձայն՝ ոչ զրահապատ, 2011թ․ արտադրության BWM 750LI-ի վերանորոգման աշխատանքների համար 2018-2021-ին ծախսվել է շուրջ 3,6 մլն դրամ, որից 1 115 380 դրամ 2018-ին, 2019-ին՝ 275 020 դրամ, 2020-ին՝ 1 024 457 դրամ և 2021-ին՝ 1 192 488 դրամ։ Այսինքն՝ ի տարբերություն զրահապատ մեքենայի՝ այս մեքենայի պահպանությունը պետական բյուջեով նախատեսված տեխսպասարկման ծախսերի շրջանակում է (ըստ պետական բյուջեի՝ ծառայողական մեկ մեքենայի պահպանման համար տարեկան նախատեսվում է 1,2 մլն դրամ)։

Փաստացի, Ալեն Սիմոնյանը կարող էր շարունակել օգտվել BWM 750LI-ի մեքենայից, ինչպես նախորդ ԱԺ նախագահները, սակայն նախընտրել է նոր մեքենա։

Քանի՞ մրցույթում է պարտվել Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը

1in.am-ի հետ դեկտեմբերի 2-ի զրույցում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր եղբոր ղեկավարած ընկերության՝ պետական գնումներում հաղթելուն, պնդել էր, թե այդ ընկերությունը 10-15 պետական մրցույթներում պարտվել է, սակայն դրա մասին որևե լրատվամիջոց չի գրել։

«Իսկ այն տենդերները, որտեղ իմ եղբայրը չի շահե՞լ․․․ Իմ եղբոր, որտեղ որ ինքը աշխատում է, չի շահել այդ կազմակերպությունը։ Բա ինչի՞ չեք գրում, որ մի 10-15 էլ տենց ա եղել»,- հայտարարել էր Սիմոնյանը։

Այս պնդումը մասամբ ճիշտ է։ Համաձայն Ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանի՝ «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը, որտեղ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանը տնօրեն է, 2021-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ մասնակցել է պետական գնումների 15 մրցույթի, որից 6-ի դեպքում հաղթել է, 9-ի դեպքում՝ ոչ։

«Եվրոասֆալտ» ընկերության մասնակցած պետական մրցույթների ցանկը

Հատկանշական է, որ հաղթած երեք մրցույթների դեպքում «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ դեռևս վերջնական պայմանագիր չի կնքվել։

«Եվրոասֆալտ» ՓԲԸ -ի հաղթած մրցույթները. Armeps.am


Ինչ վերաբերում է այն մրցույթներին, որոնցում հաղթել են այլ մասնակիցներ, ապա հաղթողի և «Եվրոասֆալտի» գնառաջարկները հիմնականում քիչ տարբերությամբ են։ Օրինակ՝ Մ2 միջպետական ավտոճանապարհի մրցույթում «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն առաջարկել է «Եվրոասֆալտ»-ից ընդամենը 50 000 դրամով քիչ՝ 364,7 մլն դրամ և շահել այն։

Սիմոնյանը նաև «տեղեկացրել էր», որ ասֆալտապատման ոլորտում ամենամեծ աշխատանքները կատարում է և գնումներում շահում է ընդդիմադիր առաջնորդներից մեկի բարեկամի ընկերությունը։

ԱԺ նախագահը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և վերջինիս խնամու հետ փոխկապակցված ընկերություններին։

Դրանցից է, օրինակ, վերը նշված ասֆալտապատման մրցույթներում հաղթած «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին: «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը ստեղծվել է 2011-ին, 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է։ Ըստ Armeps համակարգի՝ պետական մարմինները «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի հետ միայն 2021-ին կնքել են ընդհանուր 4,9 միլիարդ դրամի պայմանագիր։

Բադալյանին պատկանող և պետական գնումներում հաղթող մյուս ընկերությունը «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 2006-ին։ Armeps կայքում պետական մարմինների և այս ընկերության միջև կնքված պայմանագրեր առկա են` սկսած 2018-ից։ Երեք տարվա ընթացքում կնքվել է 23 պայմանագիր՝ ընդհանուր 21,3 միլիարդ դրամի։ Այս ընկերությունը ևս մատուցում է ասֆալտապատման ծառայություններ:

Սակայն լրագրողները ռիսկեր են տեսնում ԱԺ նախագահի եղբոր ղեկավարած ընկերության պետական գնումների մրցույթներում հաղթելու մեջ, քանի որ այս «Եվրոասֆալտ» ընկերությունը ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ։ Բավական մեծ ներդրումներ, միջոցներ, թանկարժեք տեխնիկա պահանջող ոլորտում աշխատող այս ընկերության բաժնետերերի անունները որևէ մեկին ծանոթ չեն և նրանք չունեն Հայաստանում բիզնես գործունեության այլ դրվագներ։

Եվ ողջամիտ կասկածներ են առաջանում այս ընկերության ստեղծման, գործունեության և պետական գնումների մրցույթներում հաղթելու հետ կապված։ Փաստացի ներկայում իշխանության է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Ալեն Սիմոնյանը, և վերջինս հնարավոր ազդեցություն կարող է ունենալ գործընթացների վրա։

Խնայած միջոցների մեծ մասը՝ արտասահման գործուղումների ծախսեր

Ալեն Սիմոնյանը նշյալ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱԺ-ի այս տարի խնայած միջոցներից ավելի քան 600 մլն դրամ է վերադարձվելու պետական բյուջե։

«Այս տարի մենք պետբյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 միլիոնից ավել գումար։ Բայց դե դրա մասին բնականաբար ոչ խոսում են, ոչ գրում են․․»,- ասել էր նա։

ՍիվիլՆեթին տրամադրված ԱԺ պատասխանի համաձայն՝ Ազգային ժողովն իրեն տարեկան բյուջետային կտրվածքով հատկացված միջոցներից կառավարության պահուստային ֆոնդ վերադարձրել է 606 մլն դրամ։ Ընդ որում՝ նշվում է, որ մինչև տարեվերջ երկրորդ փուլով կվերադարձվի ևս 16 մլն դրամ։

Կառավարության ֆոնդ վերադարձված 606 մլն դրամից 265 մլն դրամը խնայվել է «Արտասահմանյան գործուղումների գծով» ծախսերից, 95 մլն դրամը՝ «Ներկայացուցչական» ծախսերից, 13 մլն դրամը՝ «Տրանսպորտային նյութեր»-ի գծով։

Loading...

Loading…

setTimeout(function(){(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document))}, 0);

Եվս 30 մլն դրամ խնայվել է «Էներգետիկ ծառայությունների», 13 մլն դրամ՝ «Համակարգչային ծառայությունների» գծերով և 60 մլն դրամ՝ «ԱԺ դերի բարձրացման միջոցառումների իրականացում» միջոցառումից։ Շուրջ 100 մլն դրամ խնայվել 1 «Վարչական սարքավորումներ» ծրագրից և այլն։

Վերջում

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի պնդումը, որ Ազգային ժողովը իր տնտեսած միջոցներից ավելի քան 600 մլն դրամ է վերադարձնելու բյուջե, ճիշտ է։ Մյուս պնդումը, թե իր եղբոր ղեկավարած ընկերությունը 10-15 պետգնման մրցույթներում պարտվել է՝ մեծամասամբ ճիշտ է, իսկ նոր մեքենա ձեռք բերելու հիմնավորումները միանշանակ չեն։

Մեկնաբանել