Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն, ՔՊ-ն և «Հանրապետությունը» ինքնաբացարկ են հայտնել

Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետության» թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու պատճառով։

2021-ի դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ձայների 42,86 %-ով, ՔՊ-ն երկրորդ տեղում էր՝ 38,04 %-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է ձայների 16,31 %-ը:

Վեդիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանն հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ․ «Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»,- գրել էր նա։

Սարգսյանի խոսքով՝ տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը։ Վեդիում նոր ընտրություններ կկայանան։

Մեկնաբանել