Ո՞վ է բանակցելու Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչի անցած ուղին

Գեորգի Միրզաբեկյան

Դեկտեմբերի 13-ին պաշտոնական Անկարան հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: Այդ մասին Թուրքիայի Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա, խոսելով Հարավային Կովկասի և հայ-թուրքական հարաբերությունների մասին, մասնավորապես ասել է․ «Ադրբեջանի հետ խորհրդակցությամբ՝ մոտ ժամանակներում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկուստեք հատուկ ներկացուցիչ ենք նշանակելու,- և շարունակել, – ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համաձայնեցնելու»:

Պաշտոնական Երևանն արձագանքեց Չավուշօղլուի հայտարարություններին: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարեց Երևանի կողմից պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մտադրության մասին:

Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը դեկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հավանությամբ իրենց կողմից հատուկ ներկայացուցչի պարտականությունները կստանձնի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը:

Թուրք բարձրաստիճան դիվանագետը Թուրքիայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում է 1984-ից՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: 2006-2008թթ. Թուրքիայի ԱԳՆ-ում զբաղեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2008-2010թթ. նշանակվել է արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում: 2012-2014թթ. նույն առաքելությունն է իրականացրել Ճապոնիայում, իսկ 2014-2021թթ. դեսպան է եղել ԱՄՆ-ում: Ընթացիկ տարվա փետրվարի 23-ին Քըլըչը վերադարձել է Թուրքիա:

Քըլըչը ԱՄՆ-ում իր պաշտոնավարման տարիներին աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ: Ի թիվս այլ հարցերի՝ նա մասնավորապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, կազմակերպել դրան միտված հանրահավաքներ և հատկապես արցախյան վերջին պատերազմի ժամանակ հանդես եկել իր երկրի և Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ:

Թուրք դիվանագետը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» էր համարել և նշել, թե դրանով Բայդենը փորձել է «վարձահատույց լինել» տեղի հայ համայնքին և հանդես եկել իր ձևակերպմամբ՝ «փոքր խմբի շահերի» պաշտպանությամբ: Նա ընթացիկ տարվա ապրիլին համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնի այդ քայլը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները:

2019թ. ապրիլին 24-ին տեղի հայ համայնքի կողմից ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացված ցույցին ի պատասխան՝ Քըլըչը համակարգել է Հայոց ցեղասպանությունը ժխտող հակըննդեմ հավաքներ: Այդ ժամանակ թուրք ցուցարարները, մերժելով Հայոց ցեղասպանության փաստը, մեղադրել են Հայաստանին «Ղարաբաղում ադրբեջանցիների սպանությունների» մեջ:

Սերդար Քըլըչը բավական ակտիվ է եղել արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ հանդես գալով տարբեր գրառումներով: 2020թ. հոկտեմբերի 1-ին նա արձագանքել էր այդ պահի դրությամբ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի գրառմանը, որով վերջինը կոչ էր անում ամերիկյան գործող իշխանություններին ջանքեր գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և ապահովել, որ Թուրքիայի պես երկրները հեռու մնան այդ հակամարտությունից: Դրան ի պատասխան՝ Քըլըչը իր թվիթերյան էջում կոչ էր արել Բայդենին, «զերծ մնալ միակողմանի դիրքորոշումից և խորհուրդ տալ Հայաստանին համաձայն ՄԱԿ-ի բանաձևերի, դուրս գալ Ադրբեջանի տարածքներից»:

Իսկ hոկտեմբերի 24-ին, երբ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ մեղադրել էին Թուրքիային Սիրիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության հրահրման մեջ, նա կոչ էր արել հանդես չգալ «չհիմնավորված» մեղադրանքներով:

Սերդար Քըլըչի կենսագրությունից հայտնի է, որ նրա հայրը 1961-1980թթ. Սամսունից պարբերաբար ընտրվել է Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, իսկ Սերդար Քըլըչի եղբայրը՝ Սինան Քըլըչը, 1990-ականներին եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական բժիշկը: Թուրք դիվանագետի զարմիկ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ավելի հայտնի է թուրք հասարակությունում: 2011թ. նա, լինելով Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության անդամ, Սամսունից ընտրվել է պատգամավոր։ Մտերիմ լինելով Թուրքիայի նախագահի հետ՝ 2013-2017թթ. զբաղեցրել է այդ երկրի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը:

Մեկնաբանել