Մարդու իրավունքների պաշտպանը վտանգներ է տեսնում ՏԻՄ ընտրված պաշտոնյաների նկատմամբ գործընթացներում

arman tatoyan

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորքային վտանգներ է տեսնում ՏԻՄ ընտրված պաշտոնյաների նկատմամբ տեղի ունեցող գործընթացներում։

Ֆեյսբուքի իր էջում Թաթոյանը գրել է․

«Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով:

ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:

Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով:

Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:

Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»:

․․․

Վերջին օրրերին քաղաքական և իրավական գործընթացներ են սկսվել մի շարք քաղաքներում ՏԻՄ ընտրված պաշտոնյաների նկատմամբ։

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը դուրս է եկել այդ կուսակցությունից և 2021-ի ընտրություններում չի աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Վանաձորում դեկտեմբերի 5-ին ամենաշատ՝ 39 տոկոս քվե ստացած գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններից հետո երեք քրեական գործերով կալանավորվել է։

Բազմաթիվ այլ քաղաքներում ևս եղել են թեկնածուների ձերբակալություններ, ճնշումներ։

Մեկնաբանել