Ադրբեջանին որպես դիտորդ ԵԱՏՄ հրավիրելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում․ Հայաստանի ԱԳՆ

Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը`անդրադառնալով Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։

«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,- ասել է Հունանյանը։

Դեկտեմբերի 10-ին Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր էր համարել Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն որպես դիտորդ պետություն հրավիրելը։

Դեկտեմբերի 15-ին հարցին անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ադրբեջանին որպես դիտորդ ԵԱՏՄ հրավիրելու Նազարբաևի նախաձեռնությունն արժանի է ուշադրության։