Իշխանությունն իր իսկ արգելած միջոցներով (ապա)տեղեկատվական գրոհ է սկսել քաղաքական հակառակորդների դեմ

Արշալույս Բարսեղյան

Հայաստանի իշխանությունները պայքարում են չնույնականացվող աղբյուրների դեմ՝ միևնույն ժամանակ այս գործիքն օգտագործում քաղաքական հակառակորդների դեմ տեղեկատվական արշավների ժամանակ։

Այս արշավի թիրախում հայտնվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա հեղափոխության դեմքերից էր, 2018-ի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համարը։

Սակայն, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ պարզվեց, որ Փաշինյանի և Մարությանի ջրերը նույն առվով դադարել են հոսել։ Մարությանը որոշել էր չընգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։

Media.am-ն ամփոփել է իշխանական ուժի և դրան հարող մեդիաների հրապարակումները այս լուրից հետո։ Մարությանի որոշումից նախ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը դժգոհեց Ազատություն ռադիոկայանի եթերում։ Հաջորդ օրը վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (ArmTimes) վերնագրով հարց հնչեցրեց՝ «Կնախաձեռնվի՞ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց. ՔՊ-ում դժգոհ են Հայկ Մարությանից»։ Ապա Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած FreeNews-ը ռեպորտաժ հրապարակեց՝ «Երևանը նոր քաղաքապետ կունենա՞. ՔՊ-ականները Հայկ Մարությանին դեռ չեն «սևացնում»»։

Մեջբերված կայքերի ու դրանց կապերի մասին կան հրապարակված թափանցիկ տվյալներ։ Խնդիրն այն է, որ սրանք իշխող ուժի համար քաղաքական ուղերձներ փոխացնելու միակ գործիքը չեն։

Իշխող ուժը ստեղծել է իրենց իսկ սահամանմամբ՝ չնույնականացվող աղբյուրներ, այսպես կոչված՝ սունկ կայքեր, որոնց միջոցով քաղաքական ուղերձներով հրապաակումներ են անում, այդ հրապարակումներն էլ հայտնվում են արդեն իշխանամերձ լրատվամիջոցում։ Բերենք մեկ օրինակ։

Infocom-ը ամիսներ առաջ պարզել էր, որ իշխանամերձ FreeNews-ը մեկ օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 22-ին, ընդդեմ Մարությանի երկու նյութ է վերատպել սունկ կայքերից։

Դրանից առաջինի սկզբնաղբյուրը Armenianews.net կայքն է, որը Մարությանի՝ ՀՀ անկախության տոնը Արցախում նշելու որոշման մասին գրել էր՝ «Երևանի քաղաքապետ դարձած դերասան Հայկոն առաջին անգամ չէ, որ անդավաճան մնալով իր մասնագիտությանը՝ սուտ հայրենասիրություն է խաղում»:

Երկրորդ նյութի սկզբնաղբյուրը Medianews.site-ն էր։ Ըստ այս ոչ վստահելի կայքի «հավաստի աղբյուրների»՝ քաղաքապետարանի աշխատակիցների հետ խորհրդակցություններից մեկի ժամանակ Մարությանն ասել է․ «Խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի, էնա ես ոնց եմ անում…»:

Պարզվում է, որ այս ոչ վստահելի աղբյուրներից առաջին անգամ չէ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած լրատվականը վերատպումներ անում։ Հրապարակման պահի դրությամբ FreeNews-ը այս երկու կայքերից վերահրապարակումներ արել է 87 անգամ։ «Այս նյութերը մեծամասամբ հիմնավոր չեն, աղբյուրները հավաստի չեն և քարոզչական բնույթի են՝ հօգուտ գործող կառավարության»,- գրում է Infocom կայքը։

Infocom-ը բաց աղբյուրներով հետաքննությամբ պարզել է, որ այս սունկ կայքերը պատկանում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Սակայն կայքերի ստեղծողների, գտնվելու վայրի մասին տեղեկություններ առկա չեն հարթակում։ Ստացվում է, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն` դրանք չնույնականացվող աղբյուրներ են։

Այս չնույնականացվող ռեսուրսներով ընդդեմ Մարությանի քարոզչությունը շարունակվում է։

Սքրինշոթ Armenianews.net կայքից

Այս տեղեկատվական արշավին հաջորդեց քաղաքական գործընթաց։ Դեկտեմբերի 15-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել Երևանի ավագանին։ Սրան նախորդել էր վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» (ArmTimes) հոդվածը, որով, անանուն աղբյուրներին հղում տալով` թերթը գրել էր՝ Մարությանը ակտիվ հանդիպումներ է ունենում քոչարյանական գեներալների հետ։

Ուշագրավ է, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու Երևանի ավագանու նախաձեռնած գործընթացի պատճառները անհասկանալի էին։ Դրա մասին չէին խոսում այս գործընթացին կողմ արտահայտված անդամները։

Փոխարենը պատասխանը դաշտ բերեց իշխանական սունկ կայքը՝ Armenianews.net-ը: Հրապարակման մեջ ասվում է, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ կա մի քանի պատճառ․ պատերազմից հետո Մարությանը ՔՊ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել, առաջինն է ժողովրդին սևերի և սպիտակների բաժանել, ավելի շատ արձակուրդում է լինում, քան աշխատանքի։

Այս չնույնականացվող աղբյուրի նյութը մոտ մեկ ժամ անց հայտնվեց Չախոյանին պատկանող մյուս սունկ կայքում՝ Medianews.site-ում։ Այտեղից էլ՝ այլ կայքերում, այդ թվում՝ Аraratnews-ում։

AraratNews կայքի գլխավոր խմբագիրը մինչև հեղափոխությունը՝ 2013-2018 թթ․, եղել է Ալեն Սիմոնյանը՝ այսօրվա ԱԺ նախագահը։ Այս կայքի նախկին խմբագիր Էմմա Պալյանը այժմ իշխանական խմբակցության պատգամավոր է։

Ստացվում է, որ իշխանությունը կազմակերպված մեդիա արշավ է իրականացնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ իշխանամերձ լրատվամիջոցներով և չնույնականացվող մեդիաներով՝ սունկ կայքերով։ Սա այն պարագայում, երբ նրանք իրենք են հայտարարում նման մեդիա ռեսուրսների դեմ պայքարելու մասին։

Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ 2021-ի փետրվարին նախաձեռնել էին օրենսդրական այս փոփոխությունների փաթեթը, որով առաջարկում էին չնույնականացվող աղբյուրներին հղում անելու դեպքում պատասխանատվությունը դնել վերատպող լրատվամիջոցի վրա։

Ըստ այս օրենքի՝ չնույնականացվող աղբյուր են համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կամ համացանցային կայքերը, հավելվածի օգտահաշիվները, ալիքները կամ էջերը, որոնց տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են, թերի, ինչի պատճառով հնարավոր չէ նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Նման փոփոխությունների անհաժեշտությունը նախագծի համահեղինակ ու նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից հիմնավորեց այսպես․ «Ե՛վ արտաքին ազդեցության, և՛ ներքին ազդեցության հետևանքով բացվում են սնկերը, որոնց վրա իրական լրատվամիջոցները սնվում են էդ սնկերից։ Հիմա մենք կտրում ենք էս ցիկլը, որ հիմա, էն լրատվամիջոցները, որոնք ստանձնել են հանրությանը տեղեկություն մատուցելու առաքելություն, իրենց առաջնային տեղեկատվության աղբյուրները չհամարեն էդ սունկ կայքերը» (5:11:45

Մեկնաբանել