«Փակուղի մտած կարգավորո՞ւմ», թե՞ Հայաստանի «ամրացած դիրքեր»․ Սերժ Սարգսյանը հակասում է ինքն իրեն

Անի Գրիգորյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարում խոսել է 2018-ին վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառների մասին։

«Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար»,- հայտարարել է Սարգսյանը։

Այս պնդումը, սակայն, հակասում է Սարգսյանի՝ 2018-ի ապրիլի 17 Ազգային ժողովում որպես վարչապետի թեկնածու բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությանը։

«Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի, իրոք, բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»,- հայտարարել էր Սարգսյանը։

Նա նշել էր նաև, որ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, «եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից»։

Ի դեպ, Սարգսյանը իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ չէ, որ պնդում է՝ եթե չլիներ հեղափոխությունը, ինքը պատրաստ էր լուծել հարցը՝ անգամ եթե արժանանար դավաճանի պիտակին։

2021թ․ հունիսին BBC-ին տված հարցազրույցում նա ասել է․ «Ես վարչապետ մնացի՝ ընդառաջելով գործընկերներիս հորդորներին՝ միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց ցավոք սրտի ինձ դա չհաջողվեց»։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի խոսքերը, թե 2018-ին Հայաստանի դիրքերն ամրացած էին, և ինքը ուզում էր մնալ իշխանության հարցը լուծելու համար, տարակուսելի են, քանի որ հակասում են նախկինում արած իր պնդումներին։