ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրել է 10 հայ ռազմագերիների

Ադրբեջանը վերադարձրել է 10 հայ ռազմագերիների, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նրա խոսքով՝ ռազմագերիները հայրենիք են վերադարձել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Վահան Հունանյանը նաև հրապարակել է վերադարձած գերիների անունները, որը ներկայացնում ենք ստորև․

Ըստ տելեգրեմյան ալիքների՝ վերադարձածները գերեվարվել էին նոյեմբերի 16-ի Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում։

***

Մինչ նոյեմբերի 16-ի Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերն Ադրբեջանում հայ գերիների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 խաղաղ բնակիչ: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նոյեմբերի 16-ից հետո գերիների մասին պաշտոնական տվյալները չեն թարմացվել, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ նրանց թիվը հասել է 70-ի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջում նոյեմբերի 23-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ, չճշտված տվյալներով, նոյեմբերի 16–ից հետո գերեվարվել է 32 հայ զինծառայող:

Ադրբեջանը հայկական կողմին 10 գերի էր փոխանցել նաև դեկտեմբերի 4-ին, որոնք կրկին գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։

Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը, դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ հասավ 134-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։

Մեկնաբանել