Թուրքիայի հետ հարաբերություններ չեն հաստատվի կամ կհաստատվեն Բաքվի նախապայմաններով․ Էրիկ Հակոբյան

armenia turkey border

Իր հեղինակային հերթական հաղորդմանը Էրիկ Հակոբյանն ադրադառնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերջին լուրերին, ինչպես նաև թուրքական լիրայի արժեզրկման և տարածաշրջանի վրա դրա հնարավոր հետևանքներին։

Թուրքական լիրայի արժեզրկման մասին

Սկսենք թուրքական լիրայից։ Ինչու՝ որովհետև Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի այդ երկրի արտաքին քաղաքկանաության, ինչպես նաև տարածաշրջանի քաղաքականության վրա ընդհանուր առմամբ, որն էլ ակնհայտորեն մեծ ազդեցություն կունենա մեզ վրա։ Լիրան մեծապես արժեզրկվել է դոլարի և այլ խոշոր արժույթների նկատմամբ, այն ներկայում աշխարհում ամենավատ կատարողականություն ունեցող արժույթն է։ Միայն այս տարվա ընթացքում այն կորցրել է իր արժեքի 50 տոկոսը․ ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի նաև մյուս տարի։

Ի՞նչ է սա նշանակում Թուրքիայի համար։ Ակնհայտորեն՝ որքան արժեզրկվում է ազգային արժույթը, այնքան թանկանում են ներկրումները, իսկ Թուրքիան ավանդաբար շատ ավելի ներկրում է, քան արտահանում, քանի որ նավթային ու գազային բնական պաշարներ չունի, և այլն։ Որքան արժեզրկվում է արժույթը, այնքան աղքատանում է քո ժողովուրդը, ինչը կարող է հստակ հետևանքների հանգեցնել տվյալ վարչակարգի համար։

Էրդողանի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատելու որոշումը, այն պարագայում, երբ աշխարհում կենտրոնական բանկերը բարձրացնում են այն, հանգեցրել է անմիջական ճգնաժամի։ Ուստի, սրանով պայմանավորված լիրան ավելի է արժեզրկվել։ Այսինքն, Էրդողանը կարծում է, որ պետք է պայքարել արժեզրկման դեմ՝ իջեցնելով տոկոսադրույքները։ Սա նման է, որ ինչ-որ ֆիզիկոս պնդի, թե երկրագունդը ձգողականություն չունի։

Սա էական է նաև հետևյալ առմամբ՝ երբ Էրդողանի վարչակարգի նման երկրները խնդիրներ են ունենում, նրանք փորձում են արտահանել այդ խնդիրները։ Դրան ականատես եղանք 2020-ի արցախյան պատերազմում, երբ թուրքական զինուժը փաստացիորեն ղեկավարեց Արցախի մի մասում բնակչության էթնիկ զտումները, որպեսզի սեփական ժողովրդի ուշադրությունը շեղի երկրի խնդիրներից։

Կարծում եմ՝ հաջորդ տարի, եթե տնտեսական խնդիրները շարունակվեն, նման վերաբերմունքի կարժանան Թուրքիայի արևելյան հարևանները, ինչպես նաև Հունաստանը։ Պատմությունն ունի նման նախադեպեր՝ 1982-ին Արգենտինայում, երբ փլուզվում էր երկրի տնտեսությունն ու արժեզրկվում ազգային արժույթը, Արգենտինայի գեներալները որոշեցին գրավել Մալվինյան կղզիները (Ֆոլկլենդյան կղզիներ), որ բրիտանական տիրապետության տակ էին։ Պատերազմը աղետալի ավարտ ունեցավ Արգենտինայի համար, եղան մեծաթիվ զոհեր։

Էրդողանը սիրում է կրկնել, որ իրենք տնտեսական անկախության համար պատերազմի մեջ են․ տգիտության այս մակարդակը ի ցույց դնելու համար նշեմ, որ միակ երկիրը, որ տնտեսապես անկախ է, Հյուսիսային Կորեան է, կամ Իրանը, որին մեկուսացրել են, և Կուբան։ Ուստի, այս քաղաքականությունը շարունակվելու դեպքում Էրդողանը իր երկիրը կվերածի գեղեցիկ լողափերով Պակիստանի։

Հայաստան- Թուրքիա հարաբերությունների մասին

Անցնենք հարաբերությունները կարգավորելու նպատակով հատուկ բանագնացների նշանակման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝

«Մոտ ապագայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ բանագնացներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, մենք բացելու ենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի հետ չարթերային թռիչքները»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

1991-ից ի վեր Հայաստանի բոլոր՝ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ դրան հաջորդած իշխանությունները, ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը, թեև Թուրքիան այս կամ այն պատճառներով ու նախապայմաններով ձգձգել է գործընթացը։

Եթե սա երբևէ իրականություն դառնա, ինչի շուրջ կասկածներ ունեմ, որոնց կանդրադառնամ, դա դրական բան է։ Մեզ պետք են այդ հարաբերություները։ Հաճախ եմ լսել մեր դիվանագետների բողոքները, որ ճգնաժամերի ժամանակ նրանք չեն կարողանում ուղիղ խոսել թուրքական կողմի հետ։ Ինչո՞ւ եմ կասկածանքով վերաբերվում սրա իրականացմանը․ տարբեր պատճառներով։ 2010-ին, նույնիսկ երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու նախագահ Օբաման էին ներգավված այս հարաբերությունների հաստատման հարցում, նրանք էին միջնորդում այս գործարքը, թուրքերը հետ կանգնեցին։ Հետևապես ինչու պետք է հիմա փոխեն իրենց միտքը, երբ երկիրը քաղաքական առումով շատ ավելի վատ վիճակում է, այդ թվում ղեկավարության ու շարունակվող հռետորաբանության առումով։

Առաջնային պատճառներից մեկն էլ Թուրիքայում լիրայի ներկայիս ճգնաժամն է, երկրորդը՝ Ալիևի ու Էրդողանի վարչակարգի միջև ուղիղ հարաբերություններն են՝ անձնական, գործնական հարաբերությունները։

Ուստի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն հաստատվի կամ կհաստատվեն Բաքվի առաջ քաշած պայմաններով, որոնք ամենայն հավանականությամբ անընդունելի կլինեն հայկական կողմի համար։

Եվ ամենակարևորը՝ Թուրքիայում չկա քաղաքական միավոր, որն ակտիվ առաջ է տանում այս հարաբերությունների կարգավորման դիսկուրսը։ Ուստի, սա հիմնականում խաղ է՝ հիմարեցնելու աշխարհին, մասնավորապես՝ Արևմուտքին, որը դեռ միամտաբար հավատում է, թե Էրդողանի վարչակարգը կարող է ինչ-որ կերպ վերափոխվել նորմալ պետության։

Ի վերջո, պետք չէ ունենալ հատուկ բանագնացներ․ հարաբերությունների հաստատման ու կարգավորման համար կան արտգործնախարարներ։ Եթե դու լուրջ ես վերաբերվում հարցին, ապա ուղղակի վերցնում ու անում ես դա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի