ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021-ի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների իրականացման նախագծերը»,- գրում է գործակալությունը։

Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Մեկնաբանել