Խմբագրի հաշվետվություն – 2021

CivilNet

Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար 2021-ի ալեկոծ տարում ՍիվիլՆեթը ևս ստիպված էր անդադար հաղթահարել դժվարություններ ու մարտահրավերներ՝ անելով իր ուժերի ներածն ու նույնիսկ ավելին։

Սահմանային շարունակվող արյունալի բախումները, ներքաղաքական անկայունությունը, հասարակության, քաղաքականության ու մեդիայի բևեռացումը, տնտեսական ու անվտանգային մարտահրավերները ստիպեցին և շարունակում են ստիպել, որ շատ հաճախ մենք ցատկենք ու գործենք մեր սովորական կարողություններից ու գրպանից անդին։

Հետպատերազմյան Արցախում ծառացած մարդասիրական ու այլ մարտահրավերներին արձագանքելու մեր համեստ ներդրումն էր Ստեփանակերտում մեր գրասենյակի ու աշխատակազմի ընդլայնումը։ Իրավիճակում, երբ արտասահմանյան լրագրողների մուտքն Արցախ արգելված է քաղաքական ինչ-ինչ նկատառումներով, ՍիվիլՆեթի ուսերին բեռն ավելացել է՝ այստեղից տրամադրելու անաչառ ու հայկական տեղեկատվություն, այդ թվում՝ անգլերեն ու ռուսերեն։ ՍիվիլՆեթը շարունակում է մնալ միակ լրատվամիջոցը, որը բյուրո ունի Արցախում։ Շատ շուտով Ստեփանակերտի մեր գրասենյակում կրթական-աշխատանքային անկյուն կունենանք տեղի դպրոցականների ու ուսանողների համար, որոնք կստանան լրագրության, լուսանկարչության և վիդեոմոնտաժի հմտություններ ու նաև կթղթակցեն՝ բարձրաձայնելով իրենց շուրջ տեղի ունեցող ամեն լավ ու վատի մասին։

Հետպատերազմյան Հայաստանում անվտանգային մարտահրավերները թակեցին հատկապես Սյունիքի դռները։ Երևանյան մեր թիմը բազմաթիվ անգամ եղավ ճակատամերձ դարձած գյուղերում, առաջին ձեռքից լուսաբանեց սահմանային զինված բախումները, ներկայացրեց մարդկանց պատմություններն ու խնդիրները, քշեց ճանապարհներով, որ դժվար է անվանել ճանապարհ, որոնք միակ կապն են շրջափակման մեջ հայտնված գյուղերի համար։ Լրիվ շարքից դուրս եկավ մեր մեքենան, բայց՝ ոչ մենք։ Հոկտեմբերին գրասենյակ բացեցինք նաև Գորիսում՝ ընդլայնելու մեր գործունեությունը այստեղ ու մարզում։

Մենք ուշադրության կենտրոնում պահեցինք տարածաշրջանային զարգացումները։ Թուրքիայի մասին ամփոփումներին ավելացրինք Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի մասին շաբաթական խորքային ամփոփումները, բազմաթիվ հարցազրույցներ վարեցինք այս երկրների գործիչների ու փորձագետների հետ։

Մենք սկսեցինք կրթական նոր հաղորդում, ուշադրության կենտրոնում պահեցինք առողջապահության խնդիրները, հատկապես՝ Կովիդ-19 համավարակի թեման, դրա շուրջ շարունակվող ապատեղեկատվությունը։

Մենք ստեղծեցինք փաստերի ստուգման ստորաբաժանում՝ CivilNet Check, որն առավել համակարգված է անդրադառնում ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին, որոնք իսկապես խարխլում են Հայաստանի ժողովրդավարության առանց այն էլ խախուտ հիմքերը։

Մենք հրապարակեցինք բազմաթիվ հետաքննական նյութեր, որոնք բացահայտում են տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները։

Մենք դատի ենք տվել Բնապահպանության և ընդերքի պետական տեսչությանը՝ պահանջելով տրամադրել հանքարդյունաբերական ընկերություններում նրանց իրականացրած ստուգումների ակտերի մասին մեր հայցած տեղեկատվությունը։

Մենք դատական կարգով կառավարությունից պահանջում ենք տրամադրել Հայաստանի ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկի՝ իր բաժնեմասը կառավարությանը փոխանցելու նվիրատվության պայմանագիրը։ Սա Հայաստանի հետհեղափոխական կառավարության ամենամութ գործարքներից մեկն է, և մենք հետամուտ ենք բացահայտելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերն այստեղ։

Ազգային խնդիրները, մշակույթը, Սփյուռքը շարունակել են մնալ մեր լուսաբանման կենտրոնում։ Մենք ընդլայնել ենք արևմտահայերենով մեր հաղորդումների շարքը։

Ընդհանրապես, մենք ավելացրել ենք անգլերենով և ռուսերենով մեր բովանդակությունը։

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահել կանանց հավասարության հարցը, փոքրամասնությունների խնդիրներն ու առհասարակ մարդու իրավունքները։

ՍիվիլՆեթը երբեք որևէ քաղաքական օրակարգ չի սպասարկել ու շարունակում է հավատարիմ մնալ հանրային շահին։ Ապատեղեկատվության ու քաղաքական խորացող բևեռացման պայմաններում մենք բազմապատիկ ջանք ենք ներդնելու մարդկանց անաչառ տեղեկատվություն ու խորքային վերլուծություն տրամադրելու համար։

2022-ը, ինչպես երևում է, ոչ պակաս լի է լինելու մարտահրավերներով։ Հուսանք, որ նոր տարում դրական լուրերը վերջապես գերակշռող դառնան։

Մեկնաբանել