Ինչով է պայմանավորված Եվրամիության ակտիվացումը Հարավային Կովկասում

nikol pashinyan charles michel

Դեկտեմբերի 14-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել շաբաթներ առաջ: Փաշինյանի հետ հանդիպումից ժամեր առաջ Ալիևը աղմկահարույց հայտարարություն էր արել՝ հրապարակայնացնելով Բաքվի դիրքորոշումը մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հետ առնչվող դետալների վերաբերյալ, որի մասին գրել էինք դեռ նոյեմբերին: Ալիևը մասնավորապես նշել էր, որ այդ ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչը ունի Լաչինի միջանցքը՝ առանց հայկական մաքսակետերի ու այլ ներկայության: Նա սպառնացել էր, որ եթե այդ պայմանը չընդունվի Հայաստանի կողմից, Ադրբեջանը ևս մաքսակետեր է դնելու Լաչինի միջանցքում: Ալիևի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում արձագանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրելով նրան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը փակուղի մտցնելու մեջ:

Կարելի էր ենթադրել, որ հանդիպումից առաջ հռետորաբանության նման կոշտացումը կարող էր նպաստել Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք բանակցությունների ձախողմանը: Այնուամենայնիվ, չորս ժամ տևած հանդիպման արդյունքում Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ նշվում էր նույնիսկ որոշ հարցերի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին: Հայտարարության տեքստի մեջ տեղ գտան մի շարք ուշագրավ շեշտադրումներ, ձևակերպումներ ու կետեր:

Այս հայտարարության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ողջ տեքստի մեջ նույնիսկ մեկ անգամ չի հիշատակվում «Ղարաբաղյան հակամարտություն» ու «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունները: Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում, որ տարածաշրջանում ներգրավվածություն ունեցող պետությունների ու կազմակերպությունների հայտարարություններում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հիշատակումներ չլինեն: Սա Բաքվի՝ հակամարտությունը ավարտված լինելու մասին օրակարգի կարևոր բաղադրիչ է: Ու այն հանգամանքը, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հայտարարության տեքստի այս տարբերակին, մտահոգիչ է:

Հայտարարության տեքստի մեջ մեկ այլ կետ, որը ևս չի բխում հայկական կողմի շահերից, համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին հատվածն է: Այս կետի առկայությունը Միշելի հայտարարության տեքստի մեջ վստահաբար ադրբեջանական կողմի պնդմամբ է մտցվել: Բաքուն պատերազմի ավարտից հետո հետևողականորեն առաջ է տանում խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, որով Հայաստանը պետք է հրաժարվի Արցախյան հիմնահարցում իր հիմնական դիրքորոշումներից: Հայտարարության մեջ այս կետի առկայությունը մտահոգիչ է հատկապես այն առումով, որ, ինչպես արդեն նշվել է, տեքստի մեջ Ղարաբաղյան հակամարտության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ հիշատակում չկա:

Բրյուսելի եռակողմ հանդիպման ամենաառարկայական արդյունքը, անշուշտ, երկաթուղային հաղորդակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն է: Միշելի հայտարարության այդ հարցին առնչվող հատվածում մասնավորապես նշվում է․ «Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես և Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարևորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան կարգավորումներով երկաթուղային ուղիների վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը՝ ըստ իր տնտեսական և ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաև աջակցել այս գործընթացին»:

«Փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան կարգավորումներով» երկաթուղիների վերագործարկումը նշանակում է միջանցքային տրամաբանության բացառում

Ադրբեջանը այս հարցում ակնհայտորեն զգալի զիջումների է գնացել: «Փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան կարգավորումներով» երկաթուղիների վերագործարկումը նշանակում է միջանցքային տրամաբանության բացառում: Բաքուն այս քայլին ամենայն հավանականությամբ գնացել է տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ տնտեսական դերի ակտիվացման խոստման դիմաց: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրության մասին: Հայտարարության վերջին կետում նշվում է, որ խորհրդատվական այդ հարթակը կարող է աջակցել նաև ապաշրջափակման գործընթացին:

Բրյուսելի հանդիպման ընթացքում Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հասնել նմանատիպ պայմանավորվածության ճանապարհների ապաշրջափակման հարցում: Այնուամենայնիվ, երկաթուղու հարցում այս կարևոր պայմանավորվածությունը զգալիորեն թուլացնելու է Բաքվի դիրքերը նաև Ադրբեջանը Հայաստանի հարավով Նախիջևանին կապող ճանապարհի հարցով բանակցություններում: 2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտարարության մեջ չկա առանձին կետ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի ու առանձին կետ Ադրբեջանը Նախիջևանին կապող եկաթուղու մասին: Նոյեմբերի 9/10-ի հայտարարության տեքստի համապատասխան կետում խոսք կա տրանսպորտային կապերի մասին, որոնց մեջ մտնում են թե՛ երկաթուղին, թե՛ ճանապարհը: Այս առումով մաքսակետերի ու անցակետերի առկայությամբ երկաթգծի վերագործարկման մասին պայմանավորվածությունը չեզոքացնում է ադրբեջանական փաստարկները ճանապարհի շուրջ ընթացքող բանակցություններում:

Բրյուսելյան հանդիպման մյուս շոշափելի արդյունքը, որը տեղ է գտել նաև Միշելի հայտարարության մեջ, այն է, որ ԵՄ-ն հանձն է առել կողմերին տեխնիկական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում: Այս գործընթացի մեջ Եվրամիության որևէ տեսակի ներգրավվածություն դրական զարգացում է, քանի որ դա կարող է հնարավորություն տալ հարցը աշխարհաքաղաքական հարթությունից ինչ-որ չափով նաև իրավական հարթություն տեղափոխել:

Բրյուսելյան հանդիպումից հետո հայկական լրատվական դաշտում շատ են խոսակցությունները այն մասին, որ ԵՄ միջնորդության արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, մինչդեռ Ռուսաստանի միջնորդությամբ կայացած նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպման արդյունքում, ինչպես նաև դրան հաջորդած փոխվարչապետերի աշխատանքային խմբի հերթական հանդիպման ընթացքում առարկայական պայմանավորվածությունների այդպես էլ հնարավոր չեղավ հասնել: Եթե երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությանը գումարենք նաև ԵՄ միջնորդությամբ շաբաթներ առաջ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունը, ինչպես նաև դեկտեմբերի 19-ին ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանից տասը հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, ապա կարող են հարցեր առաջանալ Ռուսաստանի միջնորդական դերի արդյունավետության վերաբերյալ:

Այնուամենայնիվ, քանի դեռ ԵՄ-ն զբաղվում է մարդասիրական ու տնտեսական խնդիրների միջնորդությամբ, հայ-ադրբեջանական համատեքստում Բրյուսելի վերջին շրջանի ատիվացումը Մոսկվայում չի դիտարկվելու որպես մարտահրավեր կամ խնդիր: Ավելին, այդ ջանքերը միմիայն ողջունվելու են Ռուսաստանի կողմից, քանի որ դրանք մեծ հաշվով սպասարկում են մեր տարածաշրջանում Ռուսաստանի օրակարգերը: Այսպես, Շառլ Միշելի հայտարարության մեջ կարևորվում է Հայաստանի ու Ադրբեջանի հավատարմությունը նոյեմբերի 9/10-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններին:

Եվրամիության ակտիվացումը Հարավային Կովկասում, անշուշտ, պայմանավորված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմով: Բրյուսելում հասկացել են, որ այլևս չեն կարող շարունակել պասիվ դիտորդի կարգավիճակ ունենալ մեր տարածաշրջանում: ԵՄ ակտիվացումը վստահաբար դրական զարգացում է, որը կարող է ինչ-որ չափով հակակշռել Հարավային Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի աճող ազդեցությունը: Այնուամենայնիվ, այս գործընթացի հետ կապված գոյություն ունեն նաև որոշակի ռիսկեր, որոնք պետք է գտնվեն հայկական դիվանագիտության ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանել