Առաջարկվում է փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 4,7 դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» առաջարկում է փետրվարի 1-ից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4,7 դրամով: Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Սոցիալապես անապահովների համար, որոնք բնակիչ-բաժանորդների 11%-ն են, առաջարկվում է սակագները թողնել անփոփոխ։ Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար նախատեսվում է սակագներն ավելացնել 1,5 դրամով։ Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելացվեն 3,5 դրամով, մնացած սպառողների համար՝ 5,5 դրամով։

«Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով»,- հայտնում է ՀԾԿՀ-ն։

Ըստ հանձնաժողովի՝ 2022-ի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23,8 մլրդ դրամ։

Դեկտեմբերի 23-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 17-ին, ՀԾԿՀ-ն տեղեկացրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները կարող են բարձրանալ։