«Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը»։ Այս մասին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին իր ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին: Ըստ նրա՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
«Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող երթուղու երկու երկու նախագիծ կա՝ ավտոմոբիլային և երկաթուղային երթուղի․ «Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ»,- ընդգծել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ նեյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է։
«Հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն: Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,- նշել է Փաշինյանը: