Հայաստանի բնակչության 53 տոկոսը համբերատար կսպասի․․․

nikol pashinyan women RA Prime Minister Nikol Pashinyan attended a conference dedicated to on Women's Entrepreneurship took place at the Armenia Marriott Hotel

2019 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և հաստատվեց այդ խորհրհրդի անհատական կազմը։ Կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ 7-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից, շահարգիռ պետական կառույցներից ու գերատեսչություններից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից։

Խորհրդի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության, գենդերային խտրականությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի, դրանց կարգավորմանն ուղղված քաղաքականությունների մշակման և ռազմավարական ու մարտավարական ծրագրերի իրականացման գործընթացներին:

Վարչապետին առնթեր կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու գաղափարը ամենևին նոր չէ․ դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին նման մի կառույց էր ձևավորվել, և կանանց հարցերով խորհրդի գործունեությանը անմիջականորեն մասնակում էր ՀՀ վարչապետը։ Նույնիսկ նիստերի ժամանակ քննարկվում էր «գենդեր» տերմինի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդունվեց հայտարարություն՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին հավատարմություն հայտնելու վերաբերյալ։

Այնպես որ, հետհեղափոխական Հայաստանի պարագայում նորություն չէր կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը, սակայն անփոփոխ էր խորհրդի նախագահի դերում տղամարդու անփոփոխ դերակատարումը, միայն թե այս անգամ դա ոչ թե վարչապետն էր, այլ մեկ աստիճան ցածր գտնվող պաշտոնյան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Խորհրդի առաջին իսկ նիստը զավեշտալի արձագանքներ ստացավ հասարակության շրջանում։ Փաստացի, կանանց հարցը վերստին վստահվել էր տղամարդու, թե որքանով նա կարող էր պատկերացնել այն հսկայական անարդարությունն ու անհավասարության ծավալը՝ արտոնյալ, պաշտոնյա, հարուստ տղամարդու զանգակատնից, դժվար է պատկերացնել, բայց Տիգրան Ավինյանը փորձեց խորհրդի անդրանիկ նիստին բացման խոսք հնչեցնել, որտեղ շեշտադրեց կանանց նկատմամբ բռնության բացառմանը, անհավասարության վերացմանն ու կանանց տնտեսական զորաղացմանը վերաբերող հարցեր։

«Կարծում եմ, որ վերոնշյալ քայլերի իրականացումը կհանգեցնի այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ հենց իմ երկու դուստրերը, մեր կանայք, մայրերը, բոլոր կանայք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ոչ քաղաքացիները, որոնք ապրում են մեր երկրում, կկարողանան լիարժեք իրացվել՝ ապահովելով ամբողջ հանրության ներդաշնակ զարգացումն ու բարեկեցությունը»,- ասաց փոխվարչապետը և ազդարարեց կանանց հարցերով վերստեղծված խորհրդի աշխատանքների մեկնարկը։

Այդ օրվանից ուղիղ երկու տարի է անցել, և ըստ սահմանված կարգի՝ խորհրդի նախագահի կողմից ամեն տարի ոչ պակաս քան երկու նիստ պետք է հրավիրվեր, սակայն Տիգրան Ավինյանը, բացի բացման հանդիսավոր արարողությունից, այլ բան անել չի հասցրել, փոխարենը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում գտանք հաղորդագրություն, որ 2021 թվականի մարտին, առցանց ձևաչափով կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի ևս մեկ նիստ, որը վարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Տարին ավարտվում է, իսկ կանանց հարցերը մնում են առկախված։

Ավելին, ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված կանանց հարցերով խորհրդի անհատական կազմում ընդգրկված պատգամավորներ Նաիրա Զահրաբյանը, Շաքե Իսայանը, Սրբուհի Գրիգորյանն և ուրիշներ այլևս պատգամավորի մանդատ չունեն, քանի որ «երկու տարին մեկ նոր խորհրդարան է ձևավորվում» մեր երկրում, փոխվել է նաև պետական կառույցներում աշխատող անձանց կազմը, երևի թե միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են այս երկրում որոշակի կայունություն ապահովում, սակայն անորոշության զգացմամբ համակված սպասում են, թե երբ և ինչ ձևաչափով վերստին նիստ կհրավիրվի։ Խորհուրդը համալրել է այն պետական միավորների թիվը, որոնք թերի են կատարում օրենքով սահմանված իրենց պարտականությունները, կամ ուղղակի մնացել են թղթի վրա՝ միջազգային կառույցներին ցուցադրելու նպատակով։

Ինչպես կասեր նախկին պաշտոնյաներից մեկը՝ թղթերով ամեն ինչ կարգին է․․․
Իսկ բովանդակությունը, նպատակներն ու հանրային գիտակցության փոփոխությանը միտված քայլերը կսպասեն, կանանց հարցերը առաջնային չեն, մեր երկրում առկա բնակչության 53 տոկոսը համբերատար կսպասի, մինչև իրեն էլ հերթ հասնի։