Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցի առանձնապես խոշոր քանակի մաքսանենգության դեպք։ Հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600 000 դոլար։
«Օրերս ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը: Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1 721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600 000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրությունում։
Հարուցվել է քրեական գործ, Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է: