Ամուլսարի շահագործման թույլտվության գործընթացում չարաշահումների քրեական գործը կարճվել է

Ամուլսարի հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննչական կոմիտեում (ՔԿ) քննվող քրեական գործը կարճվել է։

«Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Կոմիտեից նշում են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից կատարած հանցագործությունները ստուգելու նպատակով արվել են հարցաքննություններ, զննվել են մեծածավալ փաստաթղթեր։ Գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է նաև էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների փորձագետներին:

Ըստ փորձագննության՝ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթում առկա են եղել թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր:

«Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները: Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել