Բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ Մեղրիի հատվածով Ադրբեջանը Նախիջևանին, իսկ Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու կառուցումը Հայաստանը շրջանցող քաղաքական նախագիծ է: Նա վստահ է՝ այս ճանապարհը պետք է Ադրբեջանին Նախիջևանի, իսկ այնտեղից Թուրքիայի հետ կապվելու համար: Հայաստանի տարածքով անցնող հատվածը ընդամենը 40 կմ է, փոխարենը հայկական բեռները Ռուսաստան հասնելու համար պետք է անցնեն Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքով։ Այս տարբերակը, ըստ Աղաջանյանի, թե՛ ժամանակի և թե՛ սակագների տեսանկյունից չի կարող մրցակցել Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հետ:
Աղաջանյանն առաջարկում է վերագործարկել հյուսիսային՝ Ղազախ-Իջևան երկաթուղին, որի պարագայում Հայաստանն ու Ադրբեջանը կաշխատեն պարիտետային սկզբունքով, իսկ հյուսիսի հետ կապվելու համար ստիպված չենք լինի հարավով ճանապարհ կառուցել: