Մարությանի մասին՝ միայն բացասականը․ Հանրայինի կողմնակալ լուսաբանման շուրջ

հայկ մարության

Անի Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերությունը վերջին օրերին միակողմանի է լուսաբանել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հետ կապված գործընթացները և չի լուսաբանել քաղաքապետարանի հետ կապված դրական նորությունները։

Դեկտեմբերի 15-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և նրան քաղաքապետի պաշտոնից հեռացնելու գործընթաց է սկսել։ Այս լուրը անմիջապես հայտնվեց լրատվականների գլխագրերում։ Հանրայինը լուրերի թողարկումների ժամանակ ևս լուսաբանել է այս գործընթացը, սակայն հեռարձակվել է միայն «Իմ քայլը» խմբակցության՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու կողմ ավագանու անդամների կարծիքը։

Այս օրերին Հայկ Մարությանն ու քաղաքապետարանը հայտնել են Երևանի համար գնվող նոր ավտոբուսների, հիմնանորոգված մանկապարտեզների և դրական այլ նորությունների մասին, սակայն հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը այս նորություններն անտեսել է։

Դեկտեմբերի 15-ի երեկոյան ժամը 9-ի գլխավոր թողարկմանը հաղորդավարը հայտնում է քաղաքապետին անվստահություն հայտնելու սկսված գործընթացի մասին (11:44-12:16): Անմիջապես հետո ներկայացվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթը Երևանի քաղապետարանում հնարավոր չարաշահումների մասին (12:18-15:36):

Դեկտեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ստորագրել է ևս նոր 100 ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր։ «Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 տոկոսով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- գրել էր Մարությանը։

Սյս լուրը նույնպես տեղ չի գտել Հանրայինի՝ ինչպես օրվա ընթացքում մի քանի անգամ հեռարձակվող լուրերի թողարկման, այնպես էլ երեկոյան գլխավոր թողարկման մեջ։

Փոխարենը մի քանի անգամ ցուցադրվում են քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարույթի մասին ռեպորտաժը։ Ժամը 17:00-ի Լուրերի թողարկման մեջ ներկայացվում է ռեպորտաժ՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, ինչպես նաև ստորագրահավաքին միացած ավագանու ընդդիմադիր անդամների՝ Մարությանին անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին խոսքերը (15:50- 19:53)։

Իսկ արդեն ժամը 21:00-ի գլխավոր թողարկման մեջ 6 րոպե 10 վայրկյան անդրադարձ է կատարվում Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Փրայմ թայմին» կրկին ներկայացվում է ստորագրահավաքին միացած ավագանու ընդդիմադիր անդամների՝ Մարությանին անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին խոսքերը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և հենց խմբակցության հայտարարությունները՝ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին (29:00-35:10

Հանրայինը, ինչպես նշեցինք, քաղաքապետի՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելու հայտարարությունը արժանի չի համարել լուսաբանման։

Դեկտեմբերի 17-ին Մարությանը երկու գրառում էր արել. նախ նա հերքել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու մասին լուրերը, որի մասին գրել էր վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Մարությանը նաև գրել էր, որ որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի։

Երկրորդ գրառմամբ Մարությանը հայտնում էր, որ ևս երեք հիմնանորոգված մանկապարտեզ են հանձնում շահագործման։

Հայաստանում տեղի ունեցող դրական նորությունները մշտապես լուսաբանող Հանրայինը այս անգամ էլ հարկ չի համարել լուսաբանել հիմնանորոգված մանկապարտեզների մասին լուրը և չի ներկայացրել Մարությանի առաջին գրառումը՝ որևէ կուսակցության հետ համագործակցելու մտադրության բացակայության մասին։

Դեկտեմբերի 18-ի, 19-ի և 20-ի Լուրերի որևէ թողարկման մեջ անդրադարձ չի եղել թեմային։

Դեկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված երեք վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լուրերի գլխավոր թողարկման մեջ ռեպորտաժ է ներկայացվել դեկտեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստի տապալման, ներկայացվել է քաղաքապետի պաշտոնանկության վերաբերյալ ավագանու անդամների ասուլիսը՝ կրկին Մարությանին պաշտոնանկ անելու պատճառների մասին։

Սակայն Հանրայինը հարկ չի համարել անդրադառնալ արդիականացված վագոններին։

Այս օրերին Հանրայինի եթերում Լուրերի գլխավոր թողարկումից հետո կրկին «փրայմ թայմին»՝ Պետրոս Ղազարյանին հարցազրույց են տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որոնք խոսել են քաղաքապետությունի պաշտոնում Մարությանի պաշտոնավարումից և ձախողումներից։ Ավելին՝ Կոնջորյանը մանիպուլացնող պնդումներ էր արել, որին ՍիվիլՆեթն արդեն անդրադարձել է։

Փաստացի, Հանրային հեռուստաընկերությունը տեղեկատվական բլոկադա է կիրառում քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։ Թեև այս օրերին ավագանու որոշ անդամներ իրենց անհամաձայնությունն են հայտնել Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու գործընթացի դեմ, ավելին՝ բարձրաձայնել են մինչ այս տեղի ունեցած, իրենց խոսքով, քաղաքապետի դեմ սաբոտաժի փորձի մասին, սակայն այս լուրերն այդպես էլ չեն հայտնվել հարկատուների հաշվին ֆինանսավորվող, հանրային շահը սպասարկելու կոչված Հանրային հեռուստաընկերության թողարկումներում։

Մեկնաբանել