Վարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ քննարկել է հաղորդակցությունների բացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ռուսաստանի փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ:

Դեկտեմբերի 17-ին Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կրկին հանդիպման առանցքում էր Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Մեկնաբանել