«Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետարանում հեղաշրջում է անում․ Հայկ Մարության

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետարանում հեղաշրջում է անում, որը անարգանք է ժողովրդավարությանն ու երևանցիների նկատմամբ․ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, որի անվստահության հարցն է քննարկում ավագանին։

Նա «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրեց հեղափոխությունը սեփականաշնորհելու մեջ, ապա իր անհամաձայնությունը հայտնեց նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման, պարգևատրման հետ կապված. «Գաղտնի որոշմամբ հեղափոխական նախարարները բարձրացնում էին իրենց աշխատավարձերը։ Կասեք՝ ինչո՞ւ չէիր շուտ խոսում։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք, կարծես ամեն ինչ այդպես էլ պիտի լիներ»,- ասաց Մարությանը։

«Տարբեր զանգեր էի ստանում տարբեր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի այս կամ այն աշխատակիցը այսպիսի կամ այնպիսի քոմենթ է գրել կամ լայք դրել, պետք է նրանք աշխատանքից հեռանան»,- ներկայացնելով իր և իշխող կուսակցության հակասությունները՝ հայտարարեց Երևանի քաղաքապետը։ Վերջինս հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է ԱԺ նախագահը ինքն իր համար 200 000 դոլարով ավտոմեքենա գնել, երբ երկրում աղքատության մակարդակը 30 տոկոս է։ Նաև տեղեկացրեց, որ տարբեր պաշտոնյաներ դիմել են իրեն անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու ստացել մերժում։

Երևանի քաղաքապետը նաև պատմեց, որ նոր ավտոբուսներ ձեռք բերելու ժամանակ «Իմ քայլ»-ը խմբակցությունը փորձել է տապալել նիստը, որի հետևանքով ավտոբուսները կարող էին Երևան չհասնել և միայն ընդդիմադիր ու անկախ ավագանու անդամների քվեարկության շնորհիվ են կարողացել նախագիծն անցկացնել։ Նա անհիմն է համարում այն պնդումը, թե կառավարւթյունը ցանկանում էր ավելի որակյալ ավտոբուսներ բերել Երևան. «Բերող էիք՝ բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք»,- դիմեց նա կառավարությանը։

Մեկնաբանել