Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտնում է քննչական կոմիտեն։

Պողոսյանը մեղադրվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհելու համար։

ԱՕԿՍ-ի շենքը

«Պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, հանցավոր գործունեության արդյունքում ստացված և ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել են ձևական օտարման գործարքներ և ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ»-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին»,- տեղեկացնում է կոմիտեն։

Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ: Իսկ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել