Made in Turkey պիտակներ՝ Հայաստանում․ թուրքական ապրանքների ներթափանցման հետքերով

Արշալույս Բարսեղյան

Հայաստանը մեկ տարի է, ինչ արգելում է թուրքական պատրաստի ապրանքների ներկրումը Հայաստան։ Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց 2020-ի հոկտեմբերի 20-ին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Քանի որ ԵԱՏՄ կանոնակարգերով արգելքը կարող է լինել առավելագույնը վեց ամսով, Հայաստանը այն սահմանել ու երկարաձգել է 2021-ի ամռանը։ Սա ստեղծում է անորոշություն գործարարների համար, միևնույն ժամանակ, առաջացնում է հարցեր սպառողի մոտ՝ թուրքական պատրաստի ապրանքն իսկապե՞ս Հայաստան չի ներկրվում։ ՍիվիլՆեթը փորձել է գտնել այս հարցի պատասխանը սեփական հետաքննության միջոցով։

Որտե՞ղ կարելի է գտնել թուրքական հագուստ

Հասկանալու համար, թե թուրքական արտադրության հագուստ վաճառվում է Հայաստանում, թե՝ ոչ, դեկտեմբերի սկզբում շրջեցինք մի քանի մոլերում։ Մեր ուշադրության կենտրոնում խանութների այն մեծ ցանցերն էին, որոնք մինչև արգելքը թուրքական ապրանքներ էին վաճառում։ Օրինակ, LC Waikiki-ում թե կանանց, թե տղամարդկանց բաժնում մի շարք ապրանքներ նայելուց հետո մեզ հաջողվեց զեղչված հագուստի մեջ Made in Turkey գրությամբ մի քանի նմուշ գտնել։

Թե այս, թե մյուս խանութներում ապրանքները հիմնականում արտադրված էին Չինաստանում, Բանգլադեշում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ղազախստանում, Կամբոջայում։ Կային նաև հայկական արտադրության խանութներ կամ ապրանքներ։

Բոլորովին այլ պատկեր է տոնավաճառներում, որտեղ հետշտությամբ գտանք Made in Turkey պիտակով հագուստ։

Թուրքական պատրաստի ապրանքներ Հայաստան են հասնում զարտուղի ճանապարհով

Թուրքական ապրանքները շարունակել են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով: Դա 2021-ի փետրվարին հաստատել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։ Ըստ նրա՝ կան ներմուծողներ, որոնք փորձում են իրենց ներկրած ապրանքը ներկայացնել այլ երկրի անվան տակ:

Գործող արգելքով Հայաստան Թուրքիայից հումք հնարավոր է ներկրել, բայց ոչ պատրաստի ապրանք։ Մինչ այդ՝ 2010-2020 թվականներին, Հայաստանը տարեկան 137-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից: Hetq.am կայքի ուսումանսիրության համաձայն՝ որոշ ներկրվող ապրանքների (տրիկոտաժե պաստառներ, բամբակե գործվածքներ, ցիտրուսային պտուղներ, ալյումինե ձողեր) 50-90%-ը թուրքական ծագման էր նախկինում:

Երևանում գործող տոնավաճառներից մեկի վաճառողները, որոնք ցանկացան անանուն մնալ, ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստեցին, որ տոնավաճառում շատ են թուրքական արտադրության իրերը։ Նրանք նաև տեղյակ էին, թե ինչ ճանապարհներով է Թուրքիայից պատրաստի ապրանքը հասնում Հայաստան։

Ճանապարհներից մեկը պատրաստի ապրանքը հումքի տակ անցկացնելն է

Ապրանքը, ըստ վաճառողի, Հայաստան է հասնում կոնկրետ շղթայի միջոցով։ Առաջին օղակը վերջին տարիներին այնտեղ հաստատված հայերն են։ Նրանք խանութներից ուղարկում են ապրանքների նկարները, տեղի վաճառողները ընտրում են մոդելը, գույնը, չափսերը։

Պատվերը փոխանցվում է մարդկանց, որոնք իրենց տոկոսներով ապրանքը հասցնում են Հայաստան և մեծածախ վաճառում։ Ըստ վաճառողների ունեցած տեղեկությունների՝ թուրքական ապրանքը Հայաստան հասնում է Մոսկվայով։

Այս երկար շղթայի արդյունքում ապրանքի գինը բարձրացել է․ կիլոգրամի դիմաց նախկին 3,5 դոլարի փոխարեն այժմ վճարվում է 10 դոլար։

Ավելին, նախկինում Թուրքիա գնացող վաճառականներն էին շատ, ապրանքի առաքումն էլ արագ էր ընթանում, ինչը թույլ էր տալիս մրցակցային ցածր գին ունենալ։

«Եթե նախկինում ամեն երկրորդը բերող էր, հիմա էստեղ հինգ հոգի բերող չես գտնի»,- ասում են տոնավաճառի աշխատակիցները։ Արդյունքում այստեղ բաժիններ են փակվել։

«Դաշտը մնացել ա կոնկրետ մարդկանց։ Եթե նախկինում մարդը կարող էր գնալ Թուրքիա ու երկու ձեռքի ճամպրուկ բերել՝ մինիմալի վրա վաճառել, հիմա ստիպված են էստեղից վերավաճառող հանդիսանալ ու մեծածախից առնել։ Սա էլ գնաճ ա գալիս, որը խփում է հաճախորդի գրպանին։ Եթե պետք ա ջինսը առնեիք 8 հազարով, առնում եք 15 հազարով», – ասաց վաճառողը։

Նա նաև վստահեցրեց՝ իր բաժնում կա թուրքական արտադրության ապրանք, որը 2021-ի գարնանն է բերվել։ Նա ասում է․ «Այսինքն սա արհեստական ա։ Եթե նույն Թուրքիան ա գալիս, գոնե թող նույն գնով գա, ասածս էդ ա։ Շահում են օպտավիկները»։

Բացի ներկրման զարտուղի ճանապարհից, ըստ վաճառողների, կա նաև պիտակները փոխելու կամ հեռացնելու մեխանիզը։ Այսինքն, Made in Turkey գրությամբ պիտակը մինչև Հայաստան հասնելը փոխվում է կամ Թուրքիայում՝ խանութում, կտրում են, կամ վերը նշված սխեմայով բերվում է Հայաստան ու այստեղ կտրվում։

Կտրված պիտակներով շորեր նկատել ենք մեր այցելած խանութներում։ Մի խանութում էլ ոչ միայն արտադրության երկրի պիտակն էր բացակայում, այլև հագուստի բրենդի անունը։

Մի վաճառող էլ, որը նախկինում Թուրքիայից էր իր բաժնի համար ապրանք բերում, մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ մեծածախում թուրքական ապրանք հայտնվում է։ «Պիտակը չկա, բայց մենք շորը ճանաչում ենք», – ասաց նա։ Նա ցույց տվեց մի խանութի ինստագրամյան էջը, որտեղ, ըստ նրա, արագ հայտնվում են այն թուրքական խանութի մոդելները, որտեղից նախկինում ինքն էր ապրանք բերում։

Վիզուալ հետաքննությունը հաստատում է վաճառողի պնդումը

Մենք ուսումնասիրեցինք խանութի զգեստները և վիզուալ հետաքննության միջոցով գտանք այն թուրքական խանութներից մեկը, որտեղից իրեր են վաճառվում այս խանութում։

Նկարներից մի քանիսում երևում է տարբերանշան, որը ինչպես պարզեցինք պատկանում է Black Rich խանութին։ Հետագա որոնումով պարզեցինք, որ խանութը գտնվում է Թուրքիայում՝ Ստամբուլում։

Ուսումնասիրելով խանութի ինստագրամյան էջի բովանդակությունը՝ գտանք զգեստներ, որոնց տարբեր գույները առկա են հայկական ու թուրքական խանութում՝ նույն մոդելի հագին։

Ապա զանգահարեցինք խանութ և որպես գնորդ ներկայանլով՝ հարցրինք, թե որտեղից է բերվում հագուստը։ Պատախսանեցին՝ «կեսը լեհական է, կեսը՝ իտալական»։

Օգտատերը ահազանգում է՝ Made in Armenian-ն մի քանի անգամ լվանալուց հետո դարձել է Made in Turkey

2016-ից Ֆեյսբուքում ստեղծվել է «Հանուն Հայկականի» խումբ, որտեղ օգտատերերը գտնում են և առաջարկում հայկական արտադրության ապրանքներ։ Օրեր առաջ Փառանձեմ Հովհաննիսյան անունով օգտատերը հրապարակում արեց․ նա գնել է հայկական արտադրության անկողնային պարագա։ Մի քանի անգամ լվանալուց հետո դրա պիտակի վրայի Made in Armenia գրությունը մաքրվել է, հայտնվել է Made in Turkey գրությունը։

«Ուրեմն՝ ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել եմ սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո Made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը տակից բացվել է սա։ Իսկ ես էնքան էի ուրախացել, որ վերջապես գտնվել է մի արտադրող, որը մեկ օրում կարեց, շատ բարեհամբույր առաքեց սպիտակեղենը, ոչինչ որ ավելի թանկ, քան սովորաբար է […] », – գրել է օգտատերը։

Թուրքական ապրանքը արգելվում է, թուրքական բրենդերը՝ վաճառվում և առցանց պատվիրվում

Արգելքից հետո Հայաստանը պետական մակարդակով դադարեցրել է Թուրքիայում արտադրված հագուստի հոսքը Հայաստան։ Սակայն մի շարք թուրքակակն բրենդեր՝ Koton, LC WAIKIKI, DeFacto, Penti, շարունակում են վաճառվել Հայաստանում։ Միայն թե այս դեպքում ապրանքի արտադրման երկիրը Թուրքիան չէ։

Թուրքական ապրանքի ներմուծման արգելքից հետո Հայաստանում փակվեցին մի շարք մեծ ու փոքր խանութներ։ Սակայն թուրքական արտադրության իրեր վաճառվում են առցանց խանութներում, դրանք հեշտությամբ կարելի է պատվիրել և ստանալ Հայաստանում։ Ավելին, պատվերը կարելի է կատարել հենց Թուրքիայից։

Որպես հաճախորդ ներկայանալով՝ հարցրեցինք բեռնափոխադրող ընկերությունների, թե արդյոք կարո՞ղ ենք Թուրքիայում գտնվող խանութից մեր հավանած շորը պատվիրել՝ առաքման հասցե նշելով Ռուսաստանի մեր հասցեն։ Պարզվեց՝ դա հնարավոր է, եթե խանութն ունի Курьерская доставка առաքման տարբերակը․

Հագուստը գերակա ուղղություն է, դրա հումքը՝ Թուրքիայից

Տարեսկզբին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց․ «Մենք մտադիր ենք արգելքը պահել այնքան ժամանակ, մինչև այդ ապրանքները փոխարինվեն Հայաստանում, ԵԱՏՄ-ում, Չինաստանում կամ այլ երկրներում արտադրված ապրանքներով»։

Նախարարության մամուլի ծառայությունը ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ արգելքից հետո կար կանխատեսում, թե տնտեսության մի շարք ճյուղեր կենթարկվեն կոլապսի։ Սա տեղի չի ունեցել: Ավելին, ըստ նախարարության՝ արգելքը «տնտեսության որոշ ճյուղերի վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել»: Հիմնվել են տեղական արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող մաքրող միջոցների բնագավառներում, ինչպես նաև բացվել են ներկերի և սոսնձի արտադրություններ:

Դեկտեմբերի 6-ին ՍիվիլՆեթը նախարարությանը գրավոր հարցում ուղարկեց՝ խնդրելով տրամադրել այն արտադրությունների ցանկը, որը մինչև դեկտեմբերի 22-ը չենք ստացել։

Մեկնաբանել