Գազը կթանկանա․ վերծանելով կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունը

գազի գինը հայաստանում

Հայկ Հովհաննիսյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ առաջիկա տասը տարում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մնալու է 165 դոլար 1 000 խմ-ի համար։ Նախկինում Հայաստանի համար գազի գնի հաշվարկում հաշվի էր առնվում միայն ծավալը և ոչ փաստացի կալորիականությունը, որը կարող էր ավելի բարձր լինել սահմանված 7 900 կկալ/խմ ստորին կալորիականությունից։

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին

ՀԾԿՀ-ն դեկտեմբերի 20-ին հաղորդագրություն տարածեց էլեկտրաէնեգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին և հայտնեց, որ սպառողների համար այն միջինը կարող է բարձրանալ 4,7 դրամով։ Հանձնաժողովը հնարավոր թանկացումը պայմանավորում է ներկա սակագների պարագայում 2022-ին առաջացող ֆինանսական ճեղքվածքով, որը կազմելու է 23,8 մլրդ դրամ (մոտ 49 մլն դոլար):

Բացի այդ, ՀԾԿՀ-ն մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանից բնական գազի ներկրման մասին և հայտնել, որ ևս տասը տարի ռուսական գազի գինը կպահանվի նույն՝ 165 դոլար 1 000 խմ-ի համար մակարդակին: Ըստ հանձնաժողովի՝ գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։

«Պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա տասը տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7 900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ»,- հայտնում է ՀԾԿՀ-ն։

Գազի կալորիականության մասին

Դեռ 2013-ի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված երկու համաձայնագրերով՝ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի և գազի գների ձևավորման կարգի մասին, գազի գինը սահմանին սահմանվում էր 189 դոլար 1 000 խմ-ի համար և ամրագրվում, որ գազի բազային ամենացածր ջերմատվությունը պետք է կազմի 7 900 կկալ/խմ:

Գազի կալորիականությունը կամ ջերմատվությունը գազի որակը բնութագրող կարևորագույն չափանիշն է։ Որքան բարձր է ջերմատվությունը, այնքան քիչ գազ է անհրաժեշտ, օրինակ՝ մեկ լիտր ջուր գազօջախի վրա եռացնելու կամ տան ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձրացնելու համար։

Գազի գնի ձևավորման պայմանագրում կարևոր կետերից մեկն այն էր, որ գինը վերահաշվարկվելու էր՝ հաշվի առնելով փաստացի ջերմատվությունը, որը մշտապես ավելի բարձր է, քան պայմանագրային բազայինը։ Այսինքն, բազայինից բարձր ջերմատվության համար համապատասխանաբար գազի գինն ավելի բարձր էր լինելու։ Պայմանագրում, սակայն, նշվում էր, որ ջերմատվության վերահաշվարկ չէր կատարվի մինչևս 2017-ը:
Հետագա տարիներին գազի գինը 189-ից նվազեց սկզբում մինչև 165 դոլար, այնուհետև 150, ապա 2019-ից՝ կրկին 165 դոլար 1 000 խմ-ի դիմաց։

Loading...

Loading…

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));

Աղբյուրը՝ Indexmundi.com

2013-ին ստորագրված գնագոյացման համաձայնագիրը դադարեց գործել 2019-ի հունվարի 1-ից, բայց այդպես էլ պայմանագրով սահմանված մատակարարվող գազի փաստացի ջերմատվության համար գազի գնի վերահաշվարկ չկատարվեց՝ ո՛չ 2017-ին, ո՛չ էլ դրանից հետո, և միայն այժմ, հնարավոր է, ներդրվի գնի վերահաշվարկի մեխանիզմ։

Loading...

Loading…

(function(d){var js, id=”pikto-embed-js”, ref=d.getElementsByTagName(“script”)[0];if (d.getElementById(id)) { return;}js=d.createElement(“script”); js.id=id; js.async=true;js.src=”https://create.piktochart.com/assets/embedding/embed.js”;ref.parentNode.insertBefore(js, ref);}(document));

Աղբյուրը armenia-am.gazprom.com

Գազի գնի մոտավոր հաշվարկ

2021-ի հունվար-նոյեմբերի տվյալներով՝ գազի փաստացի կալորիականությունը սահմանին միջինը կազմել է 8 450 կկալ։ Եթե, դիցուք, 2022-ին մատակարարվող գազի ջերմատվությունը մնա նույնը (8 400-8 600), ապա կստացվի, որ հաջորդ տարի գազի գինը սահմանին կկազմի միջինը մոտ 176,5 դոլար (7%-ով ավելի)։ Հաշվարկը, սակայն, մոտավոր է, քանի որ ՀԾԿՀ-ն չի հայտնում, թե ինչպես է կատարվելու վերահաշվարկը և ինչպես է այն անդրադառնալու սպառողներին մատակարարվող գազի գնի վրա։ Հաշվի առնելով, որ տեղի է ունենալու ռուսական գազի գնի փաստացի բարձրացում սահմանին՝ այն կանդրադառնա նաև վերջնական սպառողների վրա։

Այս ամենից բացի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերության ունեցած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու համար մինչև 2032-ը ներառյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան տրամադրել 31,79 մլն դոլար հզորության վճար, որը կվճարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ վճարը ներառելով էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի մեջ։

«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տասը տարվա ընթացքում՝ սկսած 2022 թ. փետրվարի 1-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Ստացվում է, որ ֆորմալ առումով գազի գինը մնում է նույնը, բայց փաստացի՝ հաշվի առնելով, որ վերահաշվարկ է կատարվելու կալորիականության համար, այն թանկանալու է։ Բացի այդ՝ գազի հաստատուն արժեքի համար սպառողները վճարելու են էլեկտրաէներգիայի ավելի բարձր սակագին։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես կանդրադառնա վերջնահաշվարկը սպառողներին տրամադրվող գազի սակագների վրա։

Հ․Գ․

Դեկտեմբերի 23-ի նիստին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։

Տե՛ս նաև՝ Կառավարությունը թաքցրել է «Վեոլիա Ջուր»-ի սուբսիդավորումը

Մեկնաբանել