Երևանի ավագանու ևս մեկ անդամ վայր է դրել մանդատը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ անդամ՝ Օվսաննա Հովսեփյանը, վայր է դրել մանդատը։

«Քանի որ ունեմ շատ խորը անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Լիլիթ Պիպոյանը, իսկ Վահե Գևորգյանը դուրս է եկել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից։

Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ին, 44 կողմ, 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։ Իշխող թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը հիմնավորում է նրա հետ քաղաքական խզմամբ։

Մեկնաբանել