Ի հեճուկս համաշխարհային շուկայի

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում չեն հետևում գլոբալ միտումներին։ Համաշխարհային շուկայում շաքարավազի էժանացման պայմաններում Հայաստանում այն թանկացել է 11,3%-ով, իսկ բրնձի գների 1%-ով աճը ներքին շուկայում արտացոլվել է 8,5%-ի տեսքով։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012թ. հունիսին շարունակել է նվազել։ Նախորդ ամսվա նկատմամբ ինդեքսը նվազել է 1,8%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 14,8%-ով:

Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 10-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրության՝ հունիսին միջազգային շուկաներում արձանագրվել է շաքարավազի և բրնձի գների անկում։ Արդյունքում շաքարավազի գինը տարեկան կտրվածքով նվազել է 17,7%-ով, իսկ բրնձինը աճել շուրջ 1%-ով։

Նշենք, որ այս տարվա հունիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մանրածախ շուկայում 1 կգ շաքարավազի գինը կազմել է 438 դրամ, այն դեպքում երբ անցած տարվա նույն ամսում 1 կգ շաքարավազն արժեր 393,6 դրամ։ Հունիսին 1 կգ բրինձի գինը կազմում էր 747,9 դրամ՝ անցած տարվա հունիսի 689,4 դրամի դիմաց։

Ստացվում է, որ թեև համաշխարհային շուկայում շաքարավազն էժանացել է 17,7%-ով, Հայաստանի ներքին շուկայում այն թանկացել է 11,3%-ով։ Համաշխարհային շուկայում բրինձի գների 1% աճը ներքին շուկայում հանգեցրել է ապրանքատեսակի 8,5%-ով թանկացման։

Նշենք, որ շաքարավազի շուկայի 99%-ը կենտրոնացած է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուս աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության ձեռքում։ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս գրիգն» էլ վերահսկում է բրնձի շուկայի 33,6%-ը։

Մեկնաբանել