Սաակաշվիլիի կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսել

վրաններ վրաստան Վրաններ Թբիլիսիում, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շտաբի մոտ, որտեղ գտնվում են հացադուլավոր ակտիվիստները։ Լուսանկարը՝ on.ge

Շոթա Կինչա, OC Media

Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ 300 կողմնակիցներ հայտարարել են, որ հացադուլ են սկսել՝ կոչ անելով ազատ արձակել նախկին նախագահին։

Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հացադուլի մասին հայտարարել է երեքշաբթի Թբիլիսիի կենտրոնում նախկին նախագահի 54-ամյակին նվիրված բողոքի ցույցի ժամանակ:

Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ մաքսանենգ ճանապարհով երկիր ներթափանցելուց անմիջապես հետո, և այդ ժամանակվանից նա կրում է վեց տարվա ազատազրկումը, որի համար դատապարտվել էր հեռակա: Նրա դեմ ևս երկու լրացուցիչ դատական գործ է հարուցված՝ պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու համար:

Երեքշաբթի երեկոյան Մելիայի ելույթից անմիջապես հետո «Միացյալ ազգային շարժումը» մի քանի մեծ, ներքնակներով վրաններ տեղադրեց Թբիլիսիի իրենց գրասենյակների մոտ՝ հացադուլավորներին ապաստան տալու համար:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի քանի ղեկավար անդամներ շտապեցին ծաղրել այդ հայտարարությունը: «Նրանց համար ոչինչ չի փոխվի, բացի նրանից, որ կնիհարեն»,- չորեքշաբթի ասել է պատգամավոր Բեկա Դավիթուալիանին։

Հացադուլ 50-օրյա հացադուլից հետո

Հացադուլի մասին հայտարարությունը եղավ Սաակաշվիլիի՝ իր բանտարկության դեմ 50-օրյա հացադուլը դադարեցնելուց մեկ ամիս անց։ Երկարատև հացադուլը չհանգեցրեց դեռևս Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիի` կալանքից ազատմանը։

Այնուամենայնիվ, Թբիլիսիի Գլդանի բանտում նրա նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հաղորդումներին տեղական և միջազգային արձագանքները և կողմնակիցների զուգահեռ հացադուլը ստիպեցին իշխանություններին առաջարկել նրան տեղափոխել Վրաստանի կենտրոնական՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ՝ ապաքինվելու համար:

Նրա վերականգնմանը հետևող մի շարք բժիշկներ պնդում են, որ թեև Գորիի հիվանդանոցը լավագույնն էր նրան առաջարկված տարբերակներից, այն դեռևս պիտանի չէ նրա ապաքինման համար:

Դեկտեմբերի 21-ին ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» լրատվական կայքը մեջբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որ նա անձամբ կապի մեջ է եղել Սաակաշվիլիի հետ, և որ Ուկրաինայի կառավարությունը ձգտում է իր բժիշկներին ներգրավել նրա առողջության մշտադիտարկմանը։

Պարբերականը մեջբերում է Զելենսկիին, որն ասել է, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես ներգրավված է այս հարցի շուրջ շարունակվող բանակցություններում։

Բողոքի ցույց՝ «ազգային համաձայնության» ջանքերի ֆոնին

Վերջին հացադուլը սկսվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած ընդդիմության առաջնորդների հետ ակտիվացած բանակցությունների ֆոնին՝ աճող բևեռացման պայմաններում «ազգային համաձայնության» հասնելու համար:

Նիկա Մելիան, որը, ինչպես «Միացյալ ազգային շարժման» մյուս առաջնորդները, մերժել է դեկտեմբերի 16-ին Զուրաբիշվիլիի կազմակերպած քաղաքական առաջնորդների ամանորյա ընդունելությունը, ասել է, որ դեռ ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Վրաստանի նախագահի հետ:

Հանդիպումը, թվում էր, դեկտեմբերի 10-ին Ժողովրդավարությունների գագաթնաժողովի ժամանակ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանին «առաջ շարժվելու» օգնելուն միտված ներառական «ազգային զրույց» սկսելու խոստման շարունակությունն էր։

Գագաթնաժողովում Զուրաբիշվիլիի ելույթի հաջորդ օրը Սաակաշվիլին արագ արձագանքեց՝ առաջարկելով երեք կենդանի նախագահների՝ իր, իր իրավահաջորդ Գիորգի Մարգվելաշվիլիի (2013–2018) և Զուրաբիշվիլիի հանդիպումը։

Թեև ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը չի ասել, որ բանակցությունների արդյունքը պետք է լինի Սաակաշվիլիի ազատությունը, նրա կողմնակիցները ավելի վաղ փորձում էին ճնշում գործադրել Զուրաբիշվիլիի վրա՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու համար:

Դեկտեմբերի 21-ից Նիկա Մելիան և «Միացյալ ազգային շարժումը» պնդում են, որ իրենց հացադուլը նպատակ չունի վնասել նախագահի հովանու ներքո ընթացող բանակցությունները:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել