Սյունիք. հին հարևաններ, նոր իրականություն

Սյունիք, Ներքին Հանդ

«Մի անգամ իջել եմ, երեխաները (ադրբեջանցի սահմանապահները – Գ․Թ․) գետի այն կողմն էին, ձեռքով արեցի, իրանց լեզվով մի երկու բան ասացի, ձեռքով արեցին ու գնացին, երևի վախեցան»,- պատմում է Սյունիքի Ներքին Հանդ գյուղի 75-ամյա բնակիչ Մելս Բաղդասարյանը, որը զբաղվում է մեղվաբուծությամբ։

Այս գյուղի վերջին տունը ընդամենը 200 մետր հեռավորության վրա է ադրբեջանական դիրքերից, իսկ դպրոցը՝ 500 մետր։

Բաղդասարյանը զինվորական ծառայությունն անցել է Նախիջևանում, լավ գիտի ադրբեջաներեն։ Նա հիշում է, որ երբ փոքր էր, իրենց գյուղում քիչ քանակությամբ, բայց ադրբեջանցի ընտանիքներ կային։

«Որ փոքր ժամանակ գալիս էի գյուղ, առնվազն 20 ադրբեջանցի կար, հովիվներ էին ու կթվորներ, հետները հենց իրենց լեզվով շփվում էինք։ Հարսանիք-թաղում լինում էր, երկկողմանի գնում-գալիս էինք»,- հիշում է Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ ուշ թե շուտ՝ հակառակորդի հետ պետք է լեզու գտնենք․ «Հիմա նոր սերունդը, չգիտեմ՝ կցանկանա նրանց հետ լեզու գտնել, թե՝ ոչ, բայց կյանքը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ պետք է դա լինի։ Մենք չենք կարող այս հողը վերցնել ու գնալ եվրոպական երկիր։ Սա է»։

Սյունիք, Ներքին Հանդ

Սյունիքի Ներքին Հանդ գյուղը մեկն է մի քանի տասնյակ գյուղերի շարքում, որոնք սահմանամերձ դարձան Ադրբեջանին 2020-ի Արցախյան պատերազմից հետո, երբ հայկական ուժերը դուրս եկան Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից։

Լաչինի շրջանը հայկական կողմը լքեց 2020-ի արցախյան պատերազմը դադարեցնող նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Այնուհետև 2020-ի դեկտեմբեր ամսին հայ զինծառայողները և կամավորականները հետ քաշվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում տեղակայված իրենց դիրքերից։ Այդ ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ շրջանների 90 և ավելի տոկոսը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, ճշգրտում իրականացնենք, և այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- Հանրայինին տված հարցազրույցում ասել էր գործադիրի ղեկավարը։

Այս ամենից հետո ադրբեջանական ուժերը աստիճանաբար հայտնվեցին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Գորիս-Կապան և կարևոր մեկ այլ ճանապարհի՝ Կապան-Ճակատեն հատվածի վրա։

Այս երկու ճանապարհները կենսական նշանակություն ունեին ոչ միայն Հայաստանի տնտեսության (Իրանի հետ կապը ապահովվում է այս երկու ճանապարհների, մեծամասամբ՝ Գորիս-Կապան-Քաջարան-Մեղրի մայրուղու միջոցով), այլ նաև այդ ճանապարհի մերձակայքում տեղակայված գյուղերի համար։

Դեռ 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ երկու ճանապարհների վրա կտեղակայվեն հայկական ու ադրբեջանական սահմանապահներ, իսկ նրանց մեջտեղում՝ ռուսասատնայն սահմանապահ ուժեր։ Կանոնավոր բանակը պետք է ճանապարհից շատ հեռու գտնվեր։ Այդպես էլ եղավ, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը սկսեց ճանապարհների կառուցապատումներ իրականացնել, իսկ նոյեմբերի կեսերին ընդհանրապես հայկական կողմին հայտնեց, թե տեղադրում է սահմանային կետեր ու մաքսակետեր։ Հայկական կողմն ի գիտություն ընդունեց սա, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հայտնեց, թե Հայաստանն էլ իր հերթին կտեղակայի սահմանային ու մաքսային կետեր։ Ասուլիսներից մեկի ժամանակ նույն պաշտոնյան երկմտելով ասաց, թե իբր Հայաստանի քաղաքացիները ևս կարող են համապատասխան վճարի դեպքում անցնել այդ սահմանակետերով, սակայն հայերը ոչ միայն չեն կարող անցնել, այլ անգամ մոտենալ ադրբեջանական սահմանային կետերին, քանի որ մինչ այդ նրանց «դիմավորում են» հայ սահմանապահներն ու հայտնում, որ ճանապարհը փակ է։

Գորիս-Կապան ու Կապան-Ճակատեն ճանապարհենրը փակելուց հետո առաջացան նաև հումանիտար խնդիրներ այդ ճանապարհներից օգտվող ու դրանց մերձակայքում գտնվող ինը գյուղերի համար։ Գորիս-Կապան ճանապարհի վրա կա երեք գյուղ՝ Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան, որոնք կենսական կերպով կապված էին այդ ճանապարհի հետ, քանի որ գյուղեր հասնելու մյուս ճանապարհները գրեթե անանցանելի են։

Ավելի հարավ՝ Կապան-Ճակատեն ճանապարհից օգտվում էին վեց գյուղ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ ու Շիշկերտ։ Այս գյուղերի բնակիչները ներկայում ունեն երկու տարբերակ․ շրջանցում են Կապան-Ճակատեն ճանապարհը՝ Մեղրիով անցնելով 150 կմ՝ նախկին 10 կմ-ի փոխարեն կամ գյուղերից մարզկենտրոն Կապան են հասնում Գեղանուշ-Ճակատեն դեռևս անմխիթար վիճակում գտնվող ճանապարհով։ Երկու դեպքում էլ այլընտրանքային ճանապարհներ պետությունը նոր է կառուցում․ դրանք դժվարանցանելի են անգամ ամենագնացների համար։

Սյունիք, Ներքին Հանդ

Չնայած այս հանգամանքին՝ բնակչությունը չի պատրաստվում լքել համայնքները։ Արցախյան առաջին պատերազմից առաջ (1992-94թթ․) այս մարդիկ ապրել են հենց ադրբեջանցիների հետ։ Ու հիմա նրանց նախկին «հարևանները», ավելի ճիշտ՝ սահմանապահները վերադարձել են նշված տարածքներ։

Խաղաղության մասին այս համայնքներում հաճախ են մտածում, ընդ որում՝ նրանց պատկերացրած խաղաղությունն ավելի նյութական է ու շոշափելի, քան, օրինակ, մայրաքաղաք Երևանի ու Հայաստանի խոշոր քաղաքների բնակչության պարագայում․ այս մարդիկ խաղաղության հակառակ կողմի արհավիրքները տեսել են ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նույն Ներքին Հանդ գյուղում դպրոցը ընդամենը 500 մետր հեռավորության վրա է ադրբեջանական դիրքերից։ Պատուհաններից երեխաները լավ տեսնում են ադրբեջանական խրամատները, մի փոքր ուշադիր նայելու դեպքում՝ նաև նրանց դրոշը։ Սակայն դպրոցի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Այս գյուղի երեխաները սկսել են տարբերել հրետանու արկի ու ականի պայթյունները, դպրոցում ամեն պատին փակցված են վտանգավոր ռումբերից ու ականներից հեռու մնալու նախազգուշացնող պաստառները։

Սյունիք, Ներքին Հանդ

«Պայթյունի ձայներ լսել եմ վերջերս, բայց հրետանու չէր, ականի պայթյուն էր։ Մի շաբաթ առաջ հենց մեր ու գյուղապետի կովերն են եղել, պայթել են ականի վրա, անցել էին էն չեզոք գոտի։ Հայրս գնացել ա ու փորձել հանել, դե չի կարողացել մտնել էնտեղ, բայց ինքը կամաց-կամաց եկել ա, ոտն է կորցրել։ Մորթել ենք, հիմա մեկ կով ունենք ու երկու հորթ»,- պատմում է դպրոցի 14-ամյա աշակերտուհի Միլենա Հարությունյանը։ Նա գյուղից գնալ չի պատրաստվում, ասում է՝ «եթե գնացինք, հակառակորդը կգա»։

Կապան-Ճակատեն ճանապարհը փակելը նկատել է նաև Շիկահող գյուղի փոքրիկ բնակիչներից 4-ամյա Ալեքսը, որը այստեղ այցելում է պապիկ-տատիկին։

«Սամակատը ճանապարհին եմ քշում, բայց ավտո չի գալիս. ճանապարհը փակ ա։ Պտի մեծ պագրիշկաներովը գա։ Որ մեծանամ, ես մեծ պագրիշկաներով մեքենա եմ առնելու, գնամ Ղափան»,- ասում է Ալեքսը։

Սյունիք, Շիկահող

Նրա տատիկը՝ Նարինա Արտեմյանը, հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմից առաջ ադրբեջանցիների հետ հարևանություն են արել ու առևտրով զբաղվել։ Հիմա, սակայն, կասկածներ ունի, որ նույն հարաբերությունները կձևավորվեն․ «Չգիտեմ, ինձ թվում է, որ հիմիկվա ադրբեջանցիներն ուրիշ են, ավելի արնախում ասես լինեն»։

Շիկահողի դպրոցի ուսուցիչներից Հասմիկ Ղազարյանը ևս կարծում է, որ ադրբեջանցիների հետ դժվար թե լեզու գտնենք, քանի որ 44-օրյա պատերազմի «վերքերը դեռ թարմ են»։ Այս գյուղի դպրոցը իր վրա է կրում պատերազմից հետո երկու հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանի հետքերը․ ժամանակին այստեղ ամեն դասարանում տասից ավելի աշակերտ է եղել, սակայն Հայաստանի անկախությունից հետո գյուղի երիտասարդությունը հեռացել է, աշխատանք չի եղել, ոչ էլ՝ զբաղմունք, արդյունքում դպրոցում ընդամենը չորս աշակերտ կա։ Շիկահողը տասնամյակներ առաջ ակտիվ գյուղատնտեսությամբ է զբաղվել, ունեցել է նաև գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո և ամբուլատորիա։

Սյունիք, Շիկահող

Գորիս-Կապան ճանապարհի մերձակայքում, ինչպես արդեն նշել ենք, գտնվում են երեք գյուղեր, որոնք տուժել են ճանապարհների փակումից։ Որոտանում «շրջափակման» վնասները մեծապես զգում են։ Գյուղը Արցախյան առաջին պատերազմից հետո Գորիս քաղաքի հետ կապը պահել է Գորիս-Կապան ճանապարհի միջոցով։ Այժմ այդ ճանապարհով հազվադեպ անցնում են բացառապես իրանական բեռնատարները, որոնք մուծումներ են կատարում ճանապարհին տեղակայված ադրբեջանական մաքսակետում ու շարունակում երթևեկությունը։ Գյուղի բնակիչներն օգտվում են Որոտան-Խոտ-Տաթև այլընտրանքային ճանապարհից, որի Որոտան-Խոտ հատվածը դժվարանցանելի է։ ՍիվլիլՆեթի նկարահանման պահին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան փորձում էր այդ ճանապարհով երեխաների ու կանանց տեղափոխել Գորիս, սակայն չհաջողվեց։

Շաբաթը մի քանի անգամ գյուղ հաց ու վառելիք են բերում մարզպետարանից։ Դպրոցը մասամբ է աշխատում, քանի որ ուսուցիչների մեծ մասը Գորիս քաղաքից է։ Գյուղում շատ են երեխաները։

որոտան- սյունիքի կյանքը

«Ես լավ եմ, բայց երկրի վիճակը վատ է»,- ասում է 13-ամյա Դանիելը։ Նրա ծնողները պատերազմից առաջ բնակվել են Արցախի Քաշաթաղի շրջանում, հիմա եկել են Որոտան:

«Պատերազմի ժամանակ թողեցինք ու եկանք։ Ճիշտ է՝ հարմարություններ չունենք, ցրիվ եկած է, բայց ապրում ենք։ Ունեմ վեց երեխա։ Լարվածությունն ու վախը միշտ կա, բայց մենք մեզ ցույց չենք տալիս երեխաների համար, շատ բան նրանք չեն հասկանում»,- ասում է Դանիելի մայրը՝ Ռուզաննա Առաքելյանը։

Որոտան գյուղը, որը գտնվում է համանուն գետի ձախ ափին, խորհրդային տարիներին եղել է Սիսիանի շրջանի զարգացած համայնքներից, 1982-ին նույնիսկ «հպարտանում էին», որ գյուղը ունեցել է «ավտոմատ հեռախոսակայան», ինչպես նաև գրադարան ու կինո։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել