«Փողոցից չենք հրաժարվելու, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա»․ Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը կարծում է, որ «հայանպաստ միակ լուծումը ներկա իշխանության հեռանալն է»։ Այս մասին նա ասում է ՍիվիլՆեթի Էմիլիա Խաչատրյանին տված հարցազրույցում։ Վահե Հակոբյանի կարծիքով՝ ճանապարհները ադրբեջանցիների համար ռազմավարական կարևորություն չունեն։ Ճանապարհներն ու հայ ռազմագերիները Ադրբեջանի համար ընդամենը առևտրի առարկա են։

Ձեր կուսակցությունը ինչպե՞ս է տեսնում անվտանգային հարցերի լուծումը։

-Անվտանգության հարցի լուծման ամենաառաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է, որից հետո պետք է ստեղծվի խումբ՝ բանակցողների խումբ, որոնք կօգտագործեն իրենց կապերը, փորձը, հնարավորությունները, այստեղ պետք է նշել, որ Ռուսաստանի գործոնը շատ կարևոր է։ Մենք ունենք պատրաստված հմուտ, բանիմաց, ազգասեր ուժեր՝ մեկ-երկու մարդ չէ, մարդկանց խումբ է, այս ամենի համար առաջնահերթ է համախմբումը։

Ձեզ չի հաջողվում ապահովել քաղաքական մոբիլիզացիա, ո՞րն է պատճառը։ Ձեր կազմակերպած ցույցերը որևէ արդյունք տալի՞ս են։

-Մենք նոր ենք սկսել դիմադրության շարժումը, և սրանք առաջին քայլերն են։ Այս շարժումը լինելու է շարունակական, պարբերական։ Փողոցից չենք հրաժարվելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի օր առաջ հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ քաղաքական կյանքից ու ընդհանրապես Հայաստանի կյանքից։ Իհարկե, այսօր եթե տեսանելի չեն արդյունքները, մոտ ապագայում ամեն ինչ տեսանելի կլինի, որովհետև պարբերաբար բնույթ են կրելու նույն ցույցերն ու ակցիաները։ Այդ ամենը այնքան է շարունակվելու, մինչև նրան ընտրած մարդիկ հասկանան ու ընկալեն իրականությունը։ Այսօր Հ1-ը նայելով՝ բոլորին թվում է, թե մենք ապրում ենք Շվեյցարիայում, իսկ իրական կյանքում լրիվ այլ պատկեր է։

Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում։

-Սահմանամերձ գյուղերը միանշանակ հայաթափվելու են։ Շուռնուխն էլ, Որոտանն էլ ժամանակի ընթացքում կարող են հայաթափվել, էլ չասեմ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերն էլ, որոնք պետք է հիմա Կապան գան 130կմ շրջադարձ կատարելով։ Որքան ուզում եք հացի մեքենաներով հաց բերեք, այդ մարդիկ համբերություն ունեն՝ թողնելու են գնան․ ադրբեջանական ղեկավարության ուզածն էլ այդ է։

Գորիսի քաղաքապետ, ձեր կուսակից Առուշ Առուշանյանի համար ինչպե՞ս եք պայքարելու։

Առուշանյանի համար պայքարի միջոցը ճնշում գործադրելն է, նաև պետք է պայքարեն այն մարդիկ, որոնք ձայն են տվել նրան։ Այսօր բոլորն էլ գիտեն, որ նրա դեմ գործը շինծու է։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել